Աթոռ շպրտողի և ջուր լցնողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնող դատախազին պետք է շքանշան տալ․ Սողոյան


Աթոռ շպրտողի և ջուր լցնողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնող դատախազին պետք է շքանշան տալ․ Սողոյան
Հոկտեմբեր 29 21:49 2026

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․

«ԱԺ այսօրվա դեպքից հետո իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Վարդապետյանը, որ շատ է սիրում կրիմինոլոգիական և ակադեմիական փաթեթավորումներ տալ բռնության և խուլիգանության հետ աղերս չունեցող հետապնդումներին, պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտող Վահագն Ալեքսանյանի և ջուր լցնող Տարոն Չախոյանի նկատմամբ:

Որովհետև միայն Մխիթար Գոշ շքանշանն է, որ ի զորու է հավասարակշռության բերել տիեզերական այն անարդարությունը, որով ձերբակալվել, կալանավորվել, դատվել և շարունակում են դատվել
– զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանը ջուր լցնելու համար
– անհայտ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը ձեռնափայտ թափահարելու համար
– անհայտ կորած զինծառայողի հայր Ապիջան Սարգսյանը շիշ նետելու համար

Եվ այդ շքանշանի լույսով պարուրված դատախազներն են միայն կարողանալու արդարության ջահը սրտում վառել ու նետվել իրական հանցագործներին պատասխանատվության կանչելու պայքարին»: