«Վեոլա ջուր» ՓԲԸ-ն սկսել է ջրաչափերի լայնամասշտաբ ստուգումներ, որոնց արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ տուգանվում են ջրաչափերի անսարքության պատճառով։ ArmDay.am-ի տեղեկություններով՝ մի շարք քաղաքացիներ, տարիներ շարունակ օգտագործելով նույն ջրաչափը, որևէ խնդրի առաջ չեն կանգնել, սակայն վերջերս անհասկանալի պատճառներով այդ նույն ընկերությունը սկսել է անխնա տուգանել։
ArmDay.am-ը կապ հաստատեց «Վեոլա ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ տուգանքներ լինում են միայն այն դեպքում, երբ ջրաչափի վրա հայտնաբերվում է արհեսատական միջամտությամբ խախտում, ինչի մասին ընկերությունը պարտավոր է ծանուցել բաժանորդին։ Սակայն մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկը վստահեցրեց, որ որևէ արհեստական միջամտություն չի եղել, պարզապես տեսուչը հանկարծակի ջրաչափը տարել է փորձաքննության, իսկ ամսվա վերջում պարզվել է, որ բաժանորդը պետք է վճարի բավականին խոշոր տուգանք, դա էլ այն դեպքում, երբ նրան, սահմանված կարգի համաձայն, չի ծանուցվել։
Հավանաբար լրատվամիջոցների կողմից խնդրի բարձրացման վրա ստվեր նետելու նպատակով «Վեոլա ջուր» ՓԲԸ-ն Հանրային հեռուստաընկերության միջոցով ռեպորտաժ է պատրաստել, որի ժամանակ, շեշտը դնելով արհեստական միջամտությամբ անսարք ջրաչափերի վրա՝ տեղեկացրել է քաղաքացիներին, որ ամեն րոպե կարող են հին ջրաչափի համար տուգանքներ նշանակել, այդպիսով՝ փորձում են կանխել հավանական բողոքի ալիքը։ Չնայած այն հանգամանքին, որ ինֆորմացիոն հարձակումներից պաշտպանիչ վահանն այս պարագայում Հանրային հեռուստաընկերությունն է, այնուամենայնիվ անընդունելի Է սեփական անգործության պատճառով քաղաքացուն տուգանել։ Մասնավորապես՝ քաղաքացու բողոքը կայանում էր նրանում, որ ինքը պարտավոր չէ լինել ջրաչափի մասնագետ, և եթե այն լավ չի աշխատում, պետք է «Վեոլա ջուր»-ը ժամանակին տեղյակ պահեր, ոչ թե անմիջապես տուգաներ։
Նշենք նաև, որ մեր զանգերից հետո «Վեոլա ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցները զրուցել են քաղաքացու հետ և առաջարկել դիմում գրել «Վեոլա ջուր» ՓԲԸ-ի ղեկավարությանը։ Ստացվում է՝ կամ մասնաճյուղի աշխատակիցները չեն տիրապետում իրենց աշխատանքային պարտականություններին, կամ ղեկավարությունն է տվել նման ապօրինի հրահանք՝ տուգանել որքան հնարավոր է։ Եվ եթե վերջինս իրականություն է, ապա կարելի է ենթադրել, որ իշխանափոխությունից հետո 10000000 դրամի տուգանքի բեռը «Վեոլա ջուր» ՓԲԸ-ն դնում է քաղաքացիների ուսերին։
Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի օգոստոսի 22-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը, որի արդյունքում որոշվել է կազմակերպությանը տուգանել 10000000 դրամով։
Վաչիկ Գրիգորյան










