ՀՀԿ-ն չի համակերպվի Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության հետ, որքան էլ նենգորեն մեզ մոլորեցնեն, թե դա միջանցք չէ, ՀՀԿ 18-րդ համագումարին հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ինչ անունով էլ կոչեն՝ դա մեր ոչ բարեկամ հարևանների հարյուրամյակների երազանքն է, որը նրանք չեն էլ թաքցնում»,- ասաց նախագահը։
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն իր անհանգստությունը հայտնել է TRIPP-ի մասով, իսկ վերջնական եզրահանգման կգան դրա էությունը, բաղադրիչները, իրականացման միջոցներն ու մեխանիզմները լիովին բացահայտելուց հետո։
«Մենք համարում ենք, որ հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է ընթանան ոչ թե թուլության, այլ՝ ազգային միասնության ներուժի դիրքերից։ Հայաստանը չպետք է լինի ո՛չ հաճախորդ պետություն, ո՛չ մակաբույծ պետություն, ո՛չ էթնոգրաֆիկ թանգարան»,- ընդգծեց Հայաստանի 3-րդ նախագահը։










