Ազգայինի մոռանալը բերում է արմատներից հեռացման, լինի դա տարազը, լեզուն,սովորությունները մշակույթը, ընտանիքը, թե հայրենիքի նկատմամբ սերը:
Այս մասին «Վերադարձ արմատներին» նախագծի շնորհանդեսին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունը:
Նրա խոսքով՝ սեր պետք է լինի ամեն ինչի նկատմամբ: Հայ մարդն առաջինը պետք է ազգային արժեքներ ունենա ու պահպանի այն:
Անդրադառնալով Վերգինե Ալավերդյանի՝ «Վերադարձ արմատներին» նախագծին՝ Գուսան Հայկազունն ասաց.
«Տիկին Ալավերդյանը շատ մեծ գործ է կատարում ազգային տարազների պահպանման հարցում: Եվ հաճելի է, որ հիմա շատերն են օգտվում նրա ձեռքի աշխատանքներից: Անձամբ ես օգտվել եմ նրա տարազներից, երբ Չեխոսոլովակիա պետք է գնայի: Պետք է տարածել մերը, ազգայն ոգին բարձրացնել հենց տարազներով: Շատ ողջունելի են նման միջոցառումները»:
Այն հարցին, թե հեղափոխությունից հետո դրական տեղաշարժ զգո՞ւմ է մշակութային ոլորտում և ակնկալիքներն արդարացվա՞ծ են, գուսանը պատասխանեց.
«Հեղափոխությունը շարունակվում է: Ակնկալիքներ, իհարկե, շատ ունեմ, բայց լուրջ փոփոխություններ առայժմ չեմ տեսնում մշակութային ոլորտում: Ես ինքնս էլ ծրագրեր շատ ունեմ, բայց հասկանում եմ, որ սա ժամանակավոր Կառավարություն է: Ընտրություններից հետո ավելի լուրջ Կառավարություն կլինի, ավելի լուրջ նախարարներ կլինեն համապատասխան տեղերում»:
Գուսան Հայկազունը նշեց, որ ինքն անձամբ ծրագրեր է ներկայացրել Մշակույթի նախարարություն, բայց արձագանք չի ստացել:
«Մշակույթի նախարարը պետք է կարողանա մարսել հասկանալ այդ ծրագրերը: Ես, ճիշտն ասած, չէի էլ սպասում, որ արձագանք կլինի: Մեր նախարարը պետք է ճանաչի ազգի մշակույթի գործիչներին. Երբ լսում է, որ Գուսան Հայկազունը ուզում է հանդիպել, իսկ ես պատահական հանդիպումներ չեմ փնտրում, պետք է անմիջապես հանդիպել, ոչ թե ամիսներով սպասեցնել: Ամեն դեպքում, ես չեմ դժգոհում, սա ժամանակավոր բան է»,-ասաց նա:
ՀՀ Վաստակավոր գործիչը լավատես է: Նա վստահ է, որ ընտրություններից հետո՝ գարնանը, ամեն բան իր տեղը կընկնի: