Դասական երգչուհի Լեոնորան՝Արևիկ Թանաշեանը,հավատարիմ է իր ընտրած ուղուն և երբեք չի մտածել փոխել այն: Դասական երաժշտության և անցած ճանապարհի մասին ArmDay.am-ը զրուցել է երգչուհու հետ:
-Արևիկ, ի՞նչ կասեք դասական երաժշտության մասին:
-Դասական երաժշտությունը ի սկզբանե եղել է, և իր հետքն ու խորը զարգացումն է թողել հայ մշակույթի զարգացման մեջ: Տարիների ընթացքում այն կերտել է մի շարք դասական կերպարներ, որոնք իրենց խնկարկումն են ունեցել հայ օպերային արվեստի զարգացման գործում:
-Ի՞նչ բացթողումներ եք նկատում, պետական մակարդակով պատշաճ ուշադրություն դարձվո՞ւմ է դասական երգիչ երգչուհիներին ու նրանց նեկայացրած աշխատանքին:
-Յուրաքանչյուր երկրի մշակութային հարցերով զբաղվող մարդիկ պարտավոր են գիտակցել իրենց բաժին հասած պատասխանատու և դժվարին աշխատանքի լրջությունը, քանի որ մշակույթը երկրի դեմքն է: Պետք է հիշել, որ մշակույթով է հարստանում ոչ միայն անհատը, այլ նաև երկրի կենցաղը, առօրյան և սերունդների դաստիարակությունը: Ես կուզենայի, որ ավելի լուրջ զբաղվեին մշակութային այնպիսի արժեքների և կոթողների պահպանմամբ, որոնք, իրոք, դրա կարիքը ունեն:Այսօր շատ քիչ են ժամանակակից սերունդին ծանոթ հայկական մշակութային ավանդական ծիսակատարությունները, ծիսական երգերը և պարերը: Իմ ցանկությունն է, որ նորից արթնանան այնպիսի արժեքներ,որոնք են կարպետագործությունը, ծիսական երգերի ուսուցումը և այդ ավանդույթների վերականգնումը դառնա մեր առօրյայի մասնիկ:
-Աշխատանքային ի՞նչ փուլում եք այսօր: Ի՞նչ սպասի հանդիսատեսը Արև Թանաշեանից:
-Ես միշտ գտնվում եմ պրպտումների և ստեղծագործական բուռն կյանքի մեջ և որպես արվեստագետ սիրում է զարգացնել իմ միտքը, որը հետագայում ամբողջությամբ հանձնում եմ հանդիսատեսի դատին: Այս պահին հստակ պլանավորված բան չկա:
-Արևիկ, երբևէ զղջացե՞ լեք, որ երգարվեստի դասական ճյուղն եք ընտրել:
-Ես չեմ կարող ասել և պնդել այն հանգամանքը, որ Հայաստանը զրկված է դասական ոճի երաժշտության սիրահարներից: Ճիշտ է, այդ խավը կազմում է փոքրամասնություն, սակայն նույնիսկ այդ փոքր մասնիկը սիրում է ճաշակել գրագետ, հասուն և զարգացած դասական երաժշտություն: Ես՝ լինելով դասականի սիրահար, նվիրյալ երբեք չեմ տարակուսել, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ ընտրած երգարվեստի բնագավառը, և երբեք չեմ մտածել փոխել իմ ընտրած ուղին:
-Ինչպե՞ս եք վերաբերվում նորամուծություններին, որոնք նաև հայկական երգարվեստում են նկատվում:
-Ես դեմ չեմ նորամուծությունների, վերջիվերջո, պարտավոր ենք քայլել ժամանակին համընթաց, սակայն կուզենայի արդիականին նաև զուգակցել հինը, ավանդականը՝ պահպանելով մեր ամենաթանկը, ամենագեղեցիկը:
-Որքանով տեղյակ ենք, Դուք նաև միջազգային ժյուրի եք:
-Այո, 2016 թվականից սկսած հանդես եմ գալիս միջազգային մրցույթներում՝ որպես միջազգային ժյուրի:
-Որևէ տեղ աշխատո՞ւմ եք Ձեր մասնագիտությամբ:
-Այո, աշխատում եմ ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում՝ որպես երգարվեստի խմբակի ղեկավար՝ սաներին դաստիարակության մեջ հիմք հանդիսացնելով Կոմիտասի, Եկմալյանի, Նարեկացու պատվիրանները՝ չանտեսելով օտար կոմպոզիտորների թողած ավանդները:
-Դուք բազմաթիվ Գրան պրիներ եք նվաճել, պարգևատրվել եք տարբեր մրցանակներով , արժանացել կոչումներին: Դրանք որքանո՞վ են կարևոր Ձեր կյանքում:
«Գեղեցիկ է, երբ մարդու կյանքում գնահատելի են դառնում նրա կատարած աշխատանքները:
Յուրաքանչյուր մրցանակի հետ ես բարձրացրել եմ իմ երկրի անունը, դրոշը և պատիվը, իմ հաղթանակները նվիրելով նրան և իմ ազգին: Իհարկե,ինձ համար թանկ է յուրաքանչյուր մրցանակը, քանի որ նրանցից ամեն մեկի հետ ես ունեցել եմ յուրովի զգացողություն՝ հպարտություն, նվիրում,բայց ինձ համար առավել գնահատելի է մարդկային արժեքի բարձրացումը, որը իմ հանդիսատեսի սերն ու նվիրումն է: Բեմում սիրված, լսելի և սպասված լինելը ինձ համար առավել գնահատելի է:
Ստորև ներկայացնում ենք երգչուհու ՝ վերջին երկու տարվա ընթացքում անցած ճանապարհը:
-2017թ. Հոկտեմբերի 3-ին Անուշ օպերայի 105-ամյակին՝ մարմնավորել է Անուշի դերերգը, Գյումրու պետական սինֆոնիկ նվագախմբի հետ՝ համերգային կատարումով:
-2017թ. նոյեմբերի 1-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, «Հայկական զարդանախշեր» պարախմբի հետ հանդես է եկել ազգային, հայրենասիրական, ժողովրդական և գուսանական երգերով, որի ողջ հասույթը նվիրաբերել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին:
-2017թ. նոյեմբերի 1-ին իր համերգի ավարտին արժանացել է«Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի» «Wapa» (World accociation of performing arts)-ի ոսկե մեդալին:
-2017թ. նոյեմբերի 9-ին Գյումրիում ներկայացել է բարեգործական համերգով՝ հասույթը փոխանցելով «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությանը, Արցախում զոհված, վիրավորված և անապահով ընտանիքներին օգնելու նպատակով:
-2018թ. հունվարին Հայոց բանակի 26-ամյակի կապակցությամբ հանդես է եկել բարեգործական համերգով՝ Շիրակի մարզի Ազատան համայնքում անապահով ընտանիքներին օգնելու նպատակով: -2018թ. փետրվարին Հայոց բանակի 26-ամյակի կապակցությամբ «Հայկական զարդանախշեր» պարախմբի հետ միասին համերգով իր մասնակցությունն է բերել Գյումրու N զորամասում՝ նախաձեռնությամբ «Միասնություն հանուն հայության» ՌԲՀ կազմակերպության:
-2018թ. մայիսին, հաղթանակների օրվա կապակցությամբ, «Հայկական զարդանախշեր» պարախմբի հետ միասին համերգով հանդես է եկել Շիրակի մարզի Մայիսյան համայնքում:
-2018թ. սեպտեմբերին, ՀՀ անկախության 100-ամյակին և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի նվիրված «Հայկական զարդանախշեր» պարախմբի հետ միասին բարեգործական համերգով հանդես է եկել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Համերգի ավարտին արժանացել է Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի «Վաստակավոր արտիստ» կոչմանը:
- 2018թ. Հոկտեմբերին Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված 2-րդ համահայկական մրցանակաբաշխությունում արժանացավ՝ տարվա լավագույն մանկավարժի կոչմանը:
-2018թ. Հոկտեմբերի 10 հրամանագրով ԿԱՀԱ-ի նախագահ Արման Ղուկասյանի որոշմամբ՝ արժանացել է Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի «Մշակույթի վաստակավոր», «Անահիտ» ոսկե շքանշանի: