Թող համաներումը տարածվի բոլորի վրա, թեկուզ 6 ամսով. Դատապարտյալները բաց նամակով դիմել են ԱԺ-ին


Թող համաներումը տարածվի բոլորի վրա, թեկուզ 6 ամսով. Դատապարտյալները բաց նամակով դիմել են ԱԺ-ին
Հոկտեմբեր 31 14:32 2018

Հանրությունը պետք է պատասխանատվություն կրի այն մեղքերի համար, որոնք գործել են հատկապես նախկին ռեժիմի ինչ-որ տեղ չհասկացվող ճնշումների հետեւանքով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա ընթերցեց դատապարտյալների բաց նամակը ԱԺ-ին ու կառավարությանը, որում ասվում է.

«Խնդրում ենք, որ հաշվի առնելով այն, որ երկրում փոխված իրավիճակին համահունչ Կառավարությունն ու ԱԺ-ն որոշել են կատարել համաներում, խնդրում ենք ձեզ տարբերվել նախկին ռեժիմից եւ կատարել իրական համաներում:

Խնդրում ենք անտեսել ռեցիդիվ հասկացությունը եւ համաներում տալ նաեւ կրկնահանցագործություն կատարած անձանց, որոնք խախտումներ են գործել կալանքի ընթացքում: 

Կիրառել նախնական կալանքի ընթացքում եւ նաեւ փակ կալանքի ընթացքում մեկ օրը 1,5 օր հաշվարկման հնարավորությունը: Նոր իշխանությունները գիտակցելով նախորդ ռեժիմի կոշտ եւ անմարդկային վերաբերմունքը, հույս ունենք, որ նոր կառավարությունը կմերժի հին մոտեցումը եւ չեղյալ կհամարի բոլոր այն կետերը, որոնք խոչնդոտում են հունաիստական մոտեցմանը եւ կալանավորների ազատ արձակմանը, ինչպես նաեւ կկիրառեն օրենքի հետադարձ ուժը եւ կաջակցեն բարելավված օրենքի կիրառմանը ծանր հանցանք գործած եւ ցմահ ազատազրկված անձանց նկատմամբ:

Խնդրում ենք համաներում կիրառել նաեւ հաշմանդամը եւ հիվանդություն ունեցող անձանց նկատմամբ, հաշվի առնելով, որ ՔԿՀ-ներում բուժսպասարկումն անմխիթար վիճակում է:

Համաներում կիրառել նաեւ տույժեր ունեցող անձանց նկատմամբ, քանի որ կալանավայրերը չունեն աշխատատեղեր, որ դատապարտված անձինք կարողանան իրենց աշխատանքի միջոցով վճարել այդ տույժերը»:

Սերգեյ Բագրատյանն ընդգծեց, որ երբ իրենք դատապարտյալների հետ խոսել են, շատերը ընտրությունների զոհեր են. «Երբ իրենք փորձել են պաշտպանել մի ուժի, որը իշխանություն չի եղել, դրա համար հարուցվել են քրեական գործեր: Առնվազն 15-20 դատապարտյալներ այդ հարցով դիմել են մեզ:

Երբ ասում ենք, որ հեղափոխություն է եղել, պետք է ուշադրություն դարձնել նաեւ այն մարդկանց, որոնք այդ հեղափոխության համար քարը քարին են դրել»:

Նա նկատեց, որ դատապարտյալներն իրեն հայտնել են, որ այս համաներումով ազատ են արձակվողները առանց այդ էլ «մեկ ոտքով տանն էին», այսինքն առանց համաներման էլ հնարավորություն ունեին ազատ արձակվելու. «Նրանք նշում էին, որ թող համաներումը տարածվի բոլորի վրա, թեկուզ 6 ամսով, յուրաքանչյուրի պատժաչափն իջեցվի: Այ սա կլինի բացարձակ համաներում»: