Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Շիրակի մարզի Ամասիայի և Գյումրու ավագ դպրոցների աշակերտներին:
Հանդիպման ընթացքում դպրոցականները ծանոթացել են Պաշտպանի գործունեությանը, աշխատանքի սկզբունքներին և մեթոդներին, children.ombuds.am կայքի ընձեռած հնարավորություններին. ինչպե՞ս օգտվել կայքից, ինչպե՞ս դիմել Պաշտպանին և ի՞նչ անել, եթե կարծում են, որ իրենց իրավունքները խախտվել են:
Աշակերտները Պաշտպանի աշխատակազմի
ներկայացուցիչներին են ուղղել իրենց իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, բարձրացվել են ներառական կրթության, կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի հետ կապված մի շարք հարցեր: Նրանց հետաքրքրել է նաև դպրոցներում գործող աշակերտական խորհուրդների գործառույթները և այդ խորհուրդների դերը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում:
Բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել երեխաների ցանկության դեպքում կրկին հանդիպել:
Այսպիսի հանդիպումները կրում են շարունակական բնույթ: