Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում զոհված Վիկտոր Յուզիխովիչի մայրը՝ Աննա Յուզիխովիչը որդի է ունեցել, անունն էլ ի պատիվ հերոս եղբոր՝ դրել են Վիկտոր։ Այս մասին հայտնում է aravot.am-ը:
Փոքրիկը ծնվել է Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում:
Նրա մորաքույրը՝ Սոնան, Aravot.am-ին փոխանցեց, որ փոքրիկը ծնվել է 3 կիլոգրամ, 350 գրամ քաշով։ Նա ասաց, որ փոքրիկը շատ նման է Վիկտորին. «Աննան հղի է եղել, սակայն տեղյակ չի եղել, որ հղի է, այդ ընթացքում երազ է տեսել, որ Վիտյան կորել է, ու իրենք փնտրում են նրան, նույնիսկ ամուսնուն ասել է՝ բեր ոստիկանություն դիմենք, Վիտյայիս գտնենք։ Երազում վերադարձել են տուն ու տեսել են, որ Վիտյան նստած է իր սենյակում ու ասել է՝ մամ, ես եկել եմ, վերադարձա։ Մայրը ծանր հոգեապրումների մեջ լինելով ու վատ զգալով՝ դիմել է բժշկի, պարզվել է հղի է։ Հենց երեխան ծնվեց, քրոջս առաջին խոսքն էր՝ Վիտյաս ծնվեց»:
Վիկտորը ամուսնացած մեկ քույր ունի, եղբայրն էլ 14 տարեկան է։