Ոստիկանները բացահայտել են Շենգավիթում կատարված կողոպուտի դեպքերը


Ոստիկանները բացահայտել են Շենգավիթում կատարված կողոպուտի դեպքերը
Հոկտեմբեր 27 20:49 2018

Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր ահազանգել 60-ին մոտ մի կին։ Հայտնում էր, որ ժամը 13.00-ին, Եղբայրության 8 հասցեի մոտ անհայտ անձը քաշել ու ձեռքից հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, բանալիներ, 20.000 դրամ:

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր:

Նույնաբովանդակ ահազանգ ստացվեց նաեւ հոկտեմբերի 15-ին, ժամը 19.10-ին։ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին փոխանցեցին, որ զանգահարել է 60-ն անց մի կին ու հայտնել, որ ժամը 19.00-ին Նժդեհի 13/2 շենքի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է բանկային քարտ, բնակարանի բանալիներ, 8.000 դրամ եւ բջջային հեռախոս:

Ոստիկանները տուժողից հաղորդում վերցրին։

Հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները պարզեցին, որ կողոպուտները կատարել է 36-ամյա Վլադիմիր Վ․-ն, որը նույն օրը հայտնաբերվել եւ կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն եւ ներկայացվել քննչական բաժին։

Դեպքերի նախաքննության շրջանակում Վլադիմիր Վ․-ն ցուցմունք է տվել, որ բացի նշված հանցադրվագներից, հոկտեմբեր ամսվա սկզբին, Եղբայրության փողոցում կողոպտել է մի աղջկա՝ հափշտակելով դրամապանակը։ Հայտնել է նաեւ, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 14.00-ին, Նժդեհի փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկի գետնանցումում, կողոպտել է մի կնոջ՝ հափշտակելով դրամապանակը:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։