Երևանի Ազատության պողոտայում մեքենաներ են բախվել. տեղի է ունեցել գազի արտահոսք


Երևանի Ազատության պողոտայում մեքենաներ են բախվել. տեղի է ունեցել գազի արտահոսք
Հոկտեմբեր 26 21:05 2018

Հոկտեմբերի 26-ին` ժամը 17:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 24/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Ռ. Վ.) և «Nissan Murano» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները, այնուհետև «BMW X5» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության հենասյանը. տեղի է ունեցել գազի արտահոսք:

Փրկարարները փակել են «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները: Հրդեհ չի հայտնաբերվել:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան: