ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող գերատեսչությունների պատասխանատուների, «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների միջեւ։
Քննարկմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի եւ Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ։
Քննարկվեցին ստեղծված իրավիճակը կարգավորելու հնարավոր ելքեր։ Որպես խնդրի լուծման տարբերակներ առաջարկվեցին՝
1. որպես ներքին սպառման ապրանքներ դրանք ներմուծելու եւ ապա վերամշակելու, այսինքն՝ ղեկային տեղաբաշխումը փոխելու հնարավորությունը,
2. տրանզիտ (տարանցիկ) պետհամարանիշներով ներկրել եւ վաճառել երրորդ երկիր,
3. ներմուծել որպես պահեստամաս:
Առաջարկների շուրջ ծավալված մտքերի փոխանակությունից հետո «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչները նորից պնդեցին իրենց ցանկությունը՝ վերանայել օրենքը եւ օրենսդրական փոփոխությամբ թույլատրել մինչեւ 2020 թվականը աջ ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներմուծումը Հայաստան։
Քննարկմանը ներկա գերատեսչությունների պատասխանատուների կողմից՝ ի հակակշիռ ասվածի, կրկին բերվեցին բազմաթիվ փաստարկներ։
Երկու ժամից ավելի տեւած քննարկման ավարտին նախաձեռնության ներկայացուցիչներին առաջարկվեց խնդրի լուծման հնարավոր տարբերակներն ուսումնասիրելուց հետո ներկայացնել առաջարկություներ։