«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օծվել է նորակառույց «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մատուռը


«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օծվել է նորակառույց «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մատուռը
Հոկտեմբեր 24 19:30 2018

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ օծվեց նորակառույց «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մատուռը` խաչքարով և սրբապատկերներով հանդերձ: Աղոթատունը կոչվեց «Սուրբ Գրիգոր Նարեկացի»` ի պատիվ Հայ առաքելական եկեղեցու սրբադասված մեծ աստվածաբանի, որին վերջերս Հռոմի կաթոլիկ եկեղեցին դասեց իր վարդապետների շարքը:

Ինչպես տեղեկացրին  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, արարողությանը ներկա էին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը, ինչպես նաև Ծառայության վարչակազմը:

Մատուռի օծման արարողությունն սկսվեց հոգևորականների, հիմնարկի վարչակազմի և դատապարտյալ անձանց միասնաբար արտասանված Տերունական աղոթքով: «Մենք ուզում ենք Աստծո հետ երկխոսություն ունենալ, և այս մատուռը միջոց է հայացքն ուղղելու առ Աստված…Սբ. Նարեկացին իր Մատյանը նվիրեց մարդկությանը, որ մեր մեջ զորացնի հավատը հոգու փրկության և ազատության համար»,- պատգամեց Մուշեղ սրբազանը՝ ներկաներին փոխանցելով նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնը և աղոթական բարեմաղթանքները:

Նորաօծ մատուռում քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի ձեռամբ կատարվեց դատապարտյալի մկրտություն:

Սբ. Գրիգոր Նարեկացու անվան մատուռը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից համալրված է հոգևոր գրականությամբ: