Պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Տավուշի մարզի փաստահավաք աշխատանքների արդյունքները


Պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Տավուշի մարզի փաստահավաք աշխատանքների արդյունքները
Հոկտեմբեր 18 20:22 2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոին և նույն կազմակերպության Պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:

Ինչպես տեղեկացրին ՄԻՊ հանրային կապերի բաժնից, պաշտպանը շնորհավորել է նորանշանակ Քլեր Մեյթրոին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ։ Բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված բարձր գործընկերությունը և վստահության վրա հիմնված հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով համատեղ քննարկումների կազմակերպում, տեղեկատվության փոխանակում և այլն։

Արման Թաթոյանը ներկայացրել է վերջերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև բարձրացրել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին վերաբերող մի շարք հարցեր։