Վանաձորում Գյումրիում և մայրաքաղաքում արդեն կայացել են Սարգիս Գոքորյանի 3-րդ գրքի՝ «Տանը մնացած»-ի շնորհանդեսը: Երիտասարդ գրողը մայրաքաղաքում իր ընթերցասեր ընկերների հետ հանդիպեց Երևանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում:
Գրողի խոսքով՝ իր ստեղծագործություններով հետաքրքրվում են Հայաստանի տարբեր մարզերից, ուստի նա որոշել է, հնարավորություն տալ, իր ընթերցասեր ընկերներին ներկա լինել գրքի շնորհանդեսին իրենց իսկ բնակավայրերում:
Մինչ շնորհանդեսի սկսվելը ներկաները բավականին հետքրքրված թերթում էին գրքի էջերը՝կարծես հասկանալու վերնագրի գաղտնիքը, սակայն դա նրանցից ոչ-ոքի չհաջողվեց և միայն բանաստեղծի ու գրականագետի փոքրիկ վերլուծությունից հետո պատկերացում կազմվեց գրքի բովանդակության մասին:
Միջոցառման ընթացքում հյուրերը ունկնդրում էին վաստակավոր դաշնակահար Գայանե Պեպելյանի կատարումները:
Սարգիս Գոքորյանը գիրքը գրելիս ստիպված է եղել դուրս գալ երկրից և գնալ այն քաղաք, որտեղ ապրում են գրքի իրական հերոսները: Նրա գրական ուղու մեջ փոփոխություն կա: Ի տարբերություն նախորդ երկու գրքի, այստեղ գիրքը գրելիս հեղինակը չի դարձել հերոս, այլ գրել է կենդանի հերոսների պատմությունը, նկարագրել նրանց ցավն ու երջանկությունը, ինչով էլ այս գիրքը առանձնահատուկ է գրողի համար:
ArmDay.am-ի հետ զրույցում երիտասարդ գրողն ասաց, որ իր մուսան հասարակությունն է, որտեղ ապրում ենք բոլորս մեր մտահգություններով, խնդիրներով և բարի ցանկություններով:
Սարգիսն իր ստեղծագործություններում ցավից ու դժբախտություններից բացի ներկայացնում է նաև երջանկության բանաձև, որը նա չբացահայտեց՝ թողնելով ընթերցողների ընկալմանը:
«Որպես երիտասարդ ստեղծագործող ես իմ առաջ խնդիր եմ դրել խոսել այն ամենի մասին, ինչի մասին մյուսները չեն համարձակվում: Ես խոսում եմ դժբախտությունների մասին ու փորձում տալ երջանկության բանաձևը, եթե ոչ, ապա գոնե ասում եմ, թե ինչու ենք դժբախտ»,-ասաց նա:
Գրողը սպասում է ինչպես գովեստի, այնպես էլ քննադատական խոսքերի: Ասում է՝ եթե դրանք չլինեն ինքը կարճ ժամանակում կդառնա ապաշնորհ:
«Նրանք ապրում են մեզ հետ մեր կողքին: Երջանիկ են, թե դժբախտ, կհասկանաք գիրքն ընթերցելուց հետո: Ուզում եմ, որ երջանիկ լինեն: Ես չեմ համարում, որ կան տանը մնացած մարդիկ, կա մի հասարակություն, որը սխալ է ընկալում կայացած մարդկանց որոշում կայացնելու դժվարությունը: Ես գիքրը պարզապես վերնագրել եմ այնպես, ինչպես դիմում է հասարակությունը, որպեսզի կարդան և վերանայեն, հասկանան,թե ինչ են պատճառում, երբ դա ասում են»-ասաց հեղինակը:
Գրողը նշեց, որ պետք չէ կնոջ կերպար հորինել, պետք է նրանց տեսնել, սիրել:
«Հայ կանայքն այնքան լավն են, այնքան կին են և այնքան պատվով են կրում կին լինելու կոչումը: Պետք է պարզապես պահպանել հայ կնոջ կերպարը: Հայ կնոջ կերպարը իմ ու ձեր մայրերն են, ավելի հրաշալի կերպար չկա:
Կնոջը պետք է սիրել, ուրիշ ոչինչ: Երբ նրան սիրում ես, նա ամեն բան անում է սիրով ու ամեն բան անում է ավելին: Սիրելով կնոջը՝ ստանում ենք հայ կնոջը»-ասաց նա:
Գրքի գրականագիտական վերլուծությամբ հանդես եկավ Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը: Նա տեղեկացրեց, որ որոշում է կայացվել Սարգիս Գոքորյանին արժանացնել միության ոսկե մրցանակի:
Գրքի վերլուծությունը շարունակեց բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը, ում խոսքով՝ արձակագրի հաջողության բանաձևը սեփական գրածի հետ լիովին անկեղծությունն է:
«Երբ կարդացի Սարգսի նախորդ երկու գրքերը, մտածեցի լավ է, երբ կարդացի տանը մնացածը, հասկացա, որ լուրջ գրողի հետ գործ ունենք»,-ասաց բանաստեղծուհին:
Սարգիսը կողմ է, որ կնոջ և տղամարդու իրավունքնեը հավասար լինեն, բայց ոչ օրենքներով,որոնք մենք ստեղծում ենք:
«Պետք է սիրել օրենքներ ստեղծելու փոխարեն»,-շեշտեց գրողը: