ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը Armlur TV-ին տված հարցազրույցում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանության գրոհին է անդրադարձել.
«Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ապօրինի գործողություններ են անում։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ԱԱԾ աշխատակիցները, ինչն ինձ համար, որպես նախկինում ԱԱԾ աշխատակցի, ամոթալի է, գնում են, քահանաներին դիմում են, որ Վեհափառ Հայրապետի անունը զեղչեն պատարագների ժամանակ։ Դա ուղիղ հայտարարություն է հանցագործության մասին։ Նման գործառույթ ԱԱԾ-ն չունի։ Չունի, և վերջ»,- շեշտել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Արթուր Վանեցյանը կարծիք է հայտնել նաև, որ եկեղեցու դեմ իշխանության ձեռնարկած գործողություններին որոշ բարձրաստիճան հոգևորականներ միացել են՝ կոմպրոմատների հետևանքով։
«Մոտ 10 բարձրաստիճան հոգևորականներ՝ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, դրա մասին առաջին անգամ եմ խոսում և ուղիղ ասում եմ՝ տարբեր կոմպրոմատների ազդեցության ներքո են գնացել դեպի Նիկոլ Փաշինյան։ Վստահաբար»,- ասել է Արթուր Վանեցյանը։
Նա հատկապես ցավալի է որակել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը։
«Մարդ, որն ինձ հետ զրույցում մեղադրում էր իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին հակահայկականության մեջ, դավաճանության մեջ, գնում, սեղմում է Նիկոլ Փաշինյանի ձեռքը... Ինձ համար դա անհասկանալի է։ Մնացածներինն էլ է անհասկանալի, բայց հատկապես Վրթանես եպիսկոպոսինը ... Երևի առաջին անգամ եմ հոգևորականների մասին անունով խոսում, բայց ինձ համար դա ցավ է։ Ցավ, ամոթ և կորուստ. կորուստ մի հոգևորականի, որին շատ սիրել, գնահատել եմ»,- ասել է Արթուր Վանեցյանը։










