Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվում է կալանքից ազատ արձակել կողոպուտի եւ խուլիգանության համար մեղադրվող Ճվճվ Արոյի կրտսեր որդուն՝ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանին։ NEWS.am-ի հետ զրույցում Վարդանյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը նշեց, որ իր պաշտպանյալն արդեն տեւական ժամանակ է՝ ապօրինի պահվում է կալանքի տակ։
«Իմ պաշտպանյալը մեղադրվում է միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ։ Նրա համար անգամ 10 մլն դրամ գրավ ենք առաջարկել, սակայն դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, որ այս գործով տուժողները դեռեւս դատարանում հարցաքննված չեն»,- ասաց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ արդեն երեք ամիս է՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանին չի հաջողվում այս գործով դատաքննությանն ապահովել երկու տուժողների մասնակցությունն ու հարցաքննել նրանց. արդյունքում ոտնահարվում են Սերժ Վարդանյանի իրավունքները։