Նախկին սպա Արամ Աղայանն ազատ արձակվեց


Նախկին սպա Արամ Աղայանն ազատ արձակվեց
Սեպտեմբեր 6 19:12 2018

ՀՀ ԶՈւ նախկին սպա Արամ Աղայանն ազատ է արձակվել, այս մասին հայտնել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։ 

«Դատարանը Արամին վաղաժամկետ ազատեց պատժի հետագա կրումից», - Facebook-ի իր էջում գրել է Արայիկ Պապիկյանը։ 

Հիշեցնենք, որ 2015թ.-ին Արամ Աղայանը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 2 տարի 6 ամսվա ազատազրկման (ՔՕ 358.1 2-րդ մաս):

Ըստ դատավճռի, ինչպես գրում է Hetq.am-ը, 2015 թվականի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հերթապահ, լեյտենանտ Արամ Աղայանը, տեսնելով, որ թիվ 1 պահակակետում պարեկ կարգված, շարքային Ռուդիկ Գրիգորյանը դեռ զորանոցում քնած է, գնացել է զորանոց` նրան արթնացնելու համար: Լեյտենանտը, մի քանի անգամ հրելով, փորձել է արթնացնել շարքայինին` հերթափոխը կատարելու համար:

Զինվոր Ռուդիկ Գրիգորյանը հարցրել է լեյտենանտ Արամ Աղայանին՝ ինչու՞ է նման ձևով արթնացնում, ինչի կապակցությամբ Աղայանը վիճաբանել է զինվոր Ռուդիկ Գրիգորյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` քաշքշել ու հարվածել է` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Հետագայում տուժողի ընտանիքը հայտարարել է, որ Արամ Աղայանի դեմ որևէ բողոք չունի:

«Արամը հանցագործ չէ, որ ինչ-որ բանի համար պատասխան տա: Դա իմ տեսակետն է ու նաև իմ տղայի: Էն, ինչ ասում եմ, դատարանում հնչել է: Չունենք որևէ խնդիր, բողոք, պարտք ու պահանջ Արամի հանդեպ: Իմ տղան էլ շեշտեց, որ մտերիմ են եղել», - «Հետք»-ին ասել է տուժողի հայրը՝ Վելիխան Գրիգորյանը:

Այնուամենայնիվ, լեյտենանտ Արամ Աղայանը շարունակում էր ազատազրկված մնալ՝ նախ Շուշիի, այնուհետև Վարդաշեն ՔԿՀ-ում։