Մխիթարյանը պատրաստվում է Արսեն Վենգերի հրաժեշտի խաղին


Մխիթարյանը պատրաստվում է Արսեն Վենգերի հրաժեշտի խաղին
Մայիս 5 19:03 2018

Լոնդոնի «Արսենալն» այսօր անցկացրել է «Բարնլիի» հետ սեփական դաշտում կայանալիք հանդիպման վերջին նախապատրաստական մարզումը: 

 

Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, պարապմունքին մասնակցել է նաեւ թիմի 33-ամյա իսպանացի ֆուտբոլիստ Սանտի Կասորլան, որը 2016 թվականի հոկտեմբերին ստացած ծանր վնասվածքից հետո մեկուկես տարի դուրս էր մնացել խաղերից:

 

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել է ամբողջ պարապմունքին: Լրատվամիջոցները կարծում են, որ հայ ֆուտբոլիստը առաջիկա խաղին կընդգրկվի մեկնարկային կազմում:

 

Ի  դեպ, «Արսենալ» – «Բարնլի» հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել, չնայած այն մարզական առումով ոչ մի նշանակություն չունի թիմերի համար, քանի որ դրանք արդեն իրավունք են նվաճել մասնակցելու Եվրոպայի գալիք լիգային: Բանն այն է, այդ հանդիպումը վերջինը կլինի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի համար «Էմիրեյթս» մարզադաշտում (առաջնության մյուս երկու հանդիպումները լոնդոնցիները անցկացնելու են մրցակիցների հարկի տակ):

 

Լոնդոնյան ակումբը մանրակրկիտ պատրաստվել է ֆրանսիացի մարզչի վերջին տնային խաղին: Մասնավորապես՝ ակումբի խանութում ցուցադրվում են տարբեր ֆուտբոլիստների մարզաշապիկներ, որոնց վրա գրված են նրանց մաղթանքի խոսքերն իրենց մարզչին: Վաճառքում հայտնվել են նաեւ «Շնորհակալություն, Արսեն» գրառումով լուսանկարներ, պաստառներ, մարզաշապիկներ, շարֆեր եւ այլն:

 

«Արսենալ» – «Բարնլի» հանդիպումը տեղի կունենա վաղը, մայիսի 6-ին, ժամը 19:30-ին: