Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ արդեն մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Տանելու են կալանքի։ Այսօր հերթապահ դատարանն Աջափնյակն է։ Մեծ հույս ունեմ, որ մեկ էլ չպարզվի, թե հերթապահ դատարանին միանում են այլ դատարաններ, հատկապես Մասիվի դատարանը, որտեղ, գիտենք, թե ինչպիսի դատավոր է աշխատում»,– ասաց փաստաբանը։
Նա հորդորեց դիտել նոյեմբերի 8-ին թողարկված «Իմնեմնիմի» հաղորդումը, որից հետո արդեն պարզ կլինի, թե ինչի հիման վրա է մեղադրանք առաջադրվել։
Այդ հաղորդումն Ալեն Սիմոնյանի կողմից տղաներին «շան լակոտներ» անվանելու արձագանքն էր։ «ԱԺ նախագահը մեդիագործունեություն իրականացնող մարդկանց, իրենց փոդքաստի համար, անվանում է «շան լակոտներ»։ Մարդիկ էլ արձագանքել են Սիմոնյանին՝ ամեն մեկը մի կերպ»,– ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ սպասելի էր կալանքի միջնորդության ներկայացումը։
«Բացի անձի ազատության իրավունքի անհիմն սահմանափակումից, առկա է նաև լրատվամիջոցի գործունեությունը փաստացի դադարեցնելու բաղադրիչ»,– ասաց փաստաբանը։










