Զատիկը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է:
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից, իսկ իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված:
Քրիստոսի Հարությունը նկարագրված է չորս Ավետարաններում: Աստվածորդու մահից հետո՝ ուրբաթ երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը դրեցին վիմափոր գերեզմանի մեջ և մուտքը փակեցին վիմաքարով: Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, երբ յուղաբեր կանայք գնացին գերեզմանը խնկարկելու՝ զարմանքով տեսան, որ գերեզմանը թափուր է: Այդ պահին նրանց երևում են երկու հրեշտակ և ասում. «Ինչո՞ւ եք ողջին մահացածների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9): Քրիստոսի Հարության կենսատու ավետիսը սփռվեց ամբողջ աշխարհով մեկ:
2000 տարի է անցել այն առավոտից, երբ Հիսուս թողեց գերեզմանը, ջարդեց դժոխքի դռները և ողջ մարդկության համար անմահության կյանքի դուռը բացեց:
Քրիստոսի քարոզչություններն Իր խաչելությամբ և թաղմամբ ավարտված կլինեին և միայն հիշողության կվերածվեին, եթե չլիներ աներևակայելի և անիմանալի հարությունը մեռելներից: Անկարելին կարելի եղավ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ կենդանի է պահել Հարության հավատքը Հայ ժողովրդի կյանքում: Այս տարի հայ եկեղեցին Քրիստոսի Հարության տոնը՝ Զատիկը, կնշի ապրիլի 23-ին: Զատկի տոնին հավատացյալները ձուն ներկում են կարմիր գույնով: Ձուն աշխարհի խորհրդանիշն է, իսկ կարմիր գույնը՝ խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որը թափվեց աշխարհի համար՝ փրկություն բերելով մարդկությանը:
Հարության հավատքով հաղթահարել ենք մեր առջև ծառացած բոլոր դժվարություններն ու կործանարար ուժերը, որոնք փորձել են խախտել մեր հավատքը, հեռացնել մեզ Քրիստոսի սիրուց և Մայր եկեղեցուց: Այսօր կրոնական շատ կազմակերպություններ և աղանդավորական շարժումներ թափանցելով Հայաստան՝ անմեղ հայ հոգիներին շեղում են Ավետարանի ճշմարտությունից, կեղծ մարդասիրություն և քրիստոնեություն քարոզելով փորձում են հեռացնել մեզ Քրիստոսահիմն ու առաքելահաստատ մեր եկեղեցուց և այն հավատքից, որի մեջ է կայանում հայության գաղտնի ուժը տոկունության և արարումի :
Սիրելի հայորդիք, Հարության բարի լուրը թող Ձեզ բերի հոգևոր և մարմնավոր ապաքինում՝ շնորհազարդելով երկնառաք պարգևներով, որպեսզի մեր հոգիներում ամրապնդվի հավատքն առ Աստված, նվիրումը մեր Մայր հողին և սերը միմյանց նկատմամբ:
««Օրհնեալ է հարութիւնը Քրիստոսի
Ձեզ և մեզ մեծ ավետիս»»
ՄԱՂԱՔԻԱ ՔԱՀԱՆԱ ՕՀԱՆՅԱՆ
Մալաթիայի Հայորդյաց Տան
Հոգևոր հովիվ