Made in Armenia շարքի նոր հերոսը՝ «Մարաշլեան ֆոտո ատելիե ռետրո»-ի հիմնադիր Էմմա Մարաշլյանը վստահ է, որ իրենց զենքը պրոֆեսիոնալ լուսանկարն է: Լուսանկարիչը համոզված է, որ ամեն մեկն ունի երազելու, սխալվելու, ներքին ձայնին հետևելու իրավունք: Թե հայտնիներից ո՞ւմ կցանկանա լուսանկարել, երբևէ չի մտածել, փոխարենը՝ գիտի, որ Հայաստանում հաջողակ լինելու համար պետք է ուղղակի հետևել սրտին և մտքին։
-Էմմա, յուրաքանչյուր հաջողված նախագիծ իր նախապատմությունն ունի: Ո՞րն է «Մարաշլեան» ֆոտոստուդիայի նախապատմությունը:
-Ես և իմ ընտանիքը մշտապես կապված ենք եղել հայկական արժեքներին և ստուդիա հիմնելն երբեք ինքնանպատակ չի եղել: Ինձ համար կարևոր էր ստեղծել մի ֆոտոստուդիա, որը նախևառաջ կունենար ինտելեկտուալ կորիզ, իսկ հետագայում, այն ոչ միայն կփորձեր արժեք ստեղծել, այլև հենց ինքը՝ ստուդիան, կդառնար արժեք։ Այսպիսով, 2013-ին ստեղծվեց «Մարաշլեան» ֆոտոստուդիան, որի անվանումը պետք է նշեմ, որ պատահական չէր. մեր տոհմի ազգանունն է, որի արմատները Կիլիկյան Հայաստանի Մարաշ քաղաքի հետ են կապված։ Ֆոտոստուդիայի տեսակը չի կարելի բիզնես նախագիծ անվանել, քանի որ սա ավելի շատ ազգային ժառանգությունը ներկայացնելու և տարածելու միտում ունի, թեպետ մենք լուսանկարելու միջոցով որոշակի շահույթ, իհարկե, ունենք։
-Ինտելեկտուալ կորի՞զ։ Էմմա, սա իսկապես տպավորիչ է և ենթադրում է մանրամասներ։ Չէ, որ Հայաստանում ոչ բոլոր ֆոտոստուդիաները կարող են նման «կորիզով» ներկայանալ։
-Երբ ստուդիան դեռ նոր էի հիմնել, շատերը պնդում էին, որ մտահղացումս աբսուրդի ժանրից է. ո՞վ է հագնելու տարազ և առավել ևս ո՞վ ցանկություն կհայտնի այդ տարազով լուսանկարվել։ Նկատելով մեր պատմության հանդեպ, այդ, այսպես ասած, իմիջայլոց վերաբերմունքը՝ ցանկացա փոխել այն: Դա անելու համար անհրաժեշտ էր տարազով լուսանկարը ճիշտ տեսանկյունից ներկայացնել և կոտրել այն կարծրատիպը, որ տարազը գեղջկական ճաշակի վկայությունն է։ Այդպես առաջացավ ընտանեկան լուսանկարը վերածնելու գաղափարը։ Ստուդիայում արված առաջին լուսանկարներում մենք ներկայացնում էինք 19-րդ դարի տարազներով ընդհուպ մինչև չորս սերունդ։ Սա իսկապես ընտանեկան լուսանկարի վերածնունդ էր, որը սկսեց ֆոտոստուդիայի նկատմամբ շատերի ուշադրությունը հրավիրել։ Այսօր մենք «Մարաշլեան ֆոտո ատելիե ռետրո» այցելողներին հնարավորություն ունենք առաջարկել 19-րդ դարից մինչև 20-րդ դարերի հայկական տարազի հավաքածուներ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց և թե՛ երեխաների համար։
-Փաստորեն «Մարաշլեան»-ի այդ «լուծումը» փոխե՞ց շատերի՝ տարազի հանդեպ կանխակալ վերաբերմունքը։
-Կարծում եմ՝ այո, քանի որ մեզ՝ հայերիս, բնորոշ է սեփական ունեցածը թերագնահատելը։ Մինչև մեզ չեն գնահատում օտարերկրացիները, մենք չենք գնահատում ինքներս մեզ։ Մեր ունեցածը չենք կարողանում ճիշտ ներկայացնել աշխարհին։ Ֆոտոստուդիայում, օրինակ, հյուրերին մենք անպայման պատմում ենք տարազի մասին, գույնի խորհրդի, թե ո՞ր շրջանի տարազն է, ո՞ր դարում են կրել։ Այս ամենին զուգահեռ շատ հետաքրքիր միտում եմ նկատում։ Ստուդիայի օտարերկրացի հյուրերը հայկական տարազին ավելի մեծ հարգանքով են վերաբերվում, քան նույնիսկ՝ տեղացիները։ Կարծում եմ, մենք պետք է հետաքրքրվենք, թե անցյալում ի՞նչ ենք ունեցել, փորձենք հայկական տարազով ևս մատնանշել հայի տեսակը։
-Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր նոր նախագիծ հայտնի է դառնում նաև հայտնի մարդկանց շնորհիվ։ «Մարաշլեան»-ի դեպքում կիրառվե՞լ է այս մոտեցումը։ Ֆոտոստուդիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարբեր հանրային դեմքերի, այդ թվում՝ քաղաքական գործիչների լուսանկարներ կարելի է տեսնել։
-Գիտեք, երբեք հայտնիներին ներգրավելու և նրանց PR գործիք դարձնելու նպատակ չեմ հետապնդել։ Ավելի շատ փորձել ենք մեծ ընտանիքների համախմբել մեկ լուսանկարում և այդ քայլով զարմացնել հանրությանը։ Մեզ մոտ անգամ լուսանկարվել է Vogue-ի լուսանկարիչներից Դավիթ Մուշեղյանը, որի հերթագրման մասին իմանալիս, ես իսկապես զարմացել էի։ Մեր առաջին հաճախորդներից է եղել նաև Լևոն Արոնյանն իր կնոջ՝ Արիաննայի հետ, Գայանե Ասլամազյանը, բոլորովին վերջերս նաև՝ Կարո Փայլանը։ Ես միշտ ֆոտոստուդիա այցելողներին ասում եմ, երբ դուք վերցնում եք ձեր լուսանկարը՝ ակամա ստանձնում եք տարածողի դերը։
-Էմմա իսկ Հայաստանում հե՞շտ է ստեղծագործ կնոջ համար։ Ինչպիսի՞ դժվարությունների եք Դուք բախվել։
-Կրթությունս բժշկական է, իսկ լուսանկարչությունն ինձ համար միշտ հոբբի է եղել։ Երբ հիմնեցի ստուդիան, միայնակ էի աշխատում և չունեի այսօրվա մեծ թիմը։ Մոսկվայում ղեկավարում էի դեղատների ցանց և այդ փորձառությունն ինձ օգնեց նաև Հայաստանում։ Մոսկվայի «ղեկավարման դպրոցն» ավելի բարդ է։ Ճիշտ է, Հայաստանում շատ են բողոքում աշխատաոճից, բայց պետք է ասեմ, որ այստեղ ամեն բան շատ մատչելի է տրվում։ Միևնույն ժամանակ Հայաստանում բացասական մթնոլորտը գերակշռում է։ Շատերն ասում են, որ քո նախաձեռնածը չի ստացվի։ Համոզված եմ, որ կարևորը գաղափարն է և տրամադրվածությունը։ Եթե այս երկուսը կա, աջակիցներ միշտ կգտնվեն։ Իմ դեպքում առաջին աջակցողը Ջեյմս Թուֆենկյանն էր, որը ոչ միայն հավատաց այս գաղափարին, այլև մեկ տարի որպես start-up հնարավորություն տվեց աշխատել Թուֆենկյան հյուրանոցում՝ առանց տեղի համար վարձավճարի։ Պետք է միշտ հիշել, որ երբեք չես կարող վստահ լինել, որ քո գաղափարը 100 տոկոսով կաշխատի։ Միգուցե քեզ սպասվում է ֆիասկո, գուցե՝ չստացվի։ Իմ դեպքում, ես միշտ բարձրաձայնում եմ մտքերս և դրանք ինձ հետ են վերադառնում նյութի տեսքով։
-Նշեցիք Հայաստանում տիրող բացասական մթնոլորտի մասին։ «Մարաշլեան»-ի կողմից 2017 թվականի հունվարին հրապարակված լուսանկարի և դրա շուրջ ծավալված քննարկումները հիշեցի։ Սպասու՞մ էիք նման արձագանքի։
-Ես խուսափում եմ խոսել հենց այդ ընտանիքի մասին, դա իմ սկզբունքներից մեկն է: Չեմ կարող չնշել, որ այս դեպքը շատերի համար խթան հանդիսացավ և շատ ու շատ զույգեր, որտեղ ամուսիններից մեկն օտարազգի է, գալիս և մեզ մոտ լուսանկարվելու ցանկություն էին հայտնում։ Լուսանկարը հրապարակելիս իմ մտքով չէր էլ անցնում, որ նման արձագանք կլիներ, քանի որ նախքան այդ լուսանկարը մենք հրապարակել էինք խառնամուսնության արդյունքում ծնված բալիկի լուսանկարը, որը միայն դրական մեկնաբանությունների էր արժանացել։ Ամեն դեպքում այդ ընտանիքի լուսանկարի պատմությունը լավ նախադեպ էր այն առումով, որ խառնամուսնությունների արդյունքում ձևավորված զույգերը չվախեցան այս միջադեպից, այլ հակառակ ազդեցությունը եղավ։ Կարծում եմ Հայաստանում մենք շատ ենք սիրում ամեն ինչին բացասական տեսանկյունից նայել, շատ հարցերում դրսևորում ենք ագրեսիվություն։ Բայց, ամեն դեպքում, մարդկանց հանդեպ իմ վերաբերմունքն ի սկզբանե մարդասիրական է։
Ալինա Նահապետյան /Armday.am