Ինչպե՞ս եք պատկերացնում՝ հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող անձին պետք է միշտ մեկուսացված պահե՞լ. Անահիտ Ավանեսյան


Ինչպե՞ս եք պատկերացնում՝ հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող անձին պետք է միշտ մեկուսացված պահե՞լ. Անահիտ Ավանեսյան
Նոյեմբեր 16 13:50 2026

Երբ հանցագործություն է իրականացվում հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող անձի կողմից, դա, որպես առանձին երևույթ, հանրային առավել մեծ ուշադրության է արժանանանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով օրեր առաջ 29-ամյա երիտասարդի սպանության դեպքից, որին սպանել էր հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված անձը։

«Պետք չէ միայն շեշտադրումը դնել մարդու առողջության վրա, խնդիր չունեցող անձինք էլ են կատարում հանցագործություններ»,- ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մոտ 100 հազար քաղաքացի կա, ունեն որևէ ախտորոշում։

«Ինչպե՞ս եք պատկերացնում՝ արդյո՞ք հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող անձին պետք է միշտ մեկուսացված պահել։ Երբ անձի մոտ լինում են սրացումներ, երկու ձև կա հոսպիտալացնելու՝ երբ ինքնակամ է գնում, կամ երբ դատարանն է որոշում։ Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում՝ առանց դատարանի որոշման»,- նշեց Ավանեսյանը։

Նախարարն ասաց, որ Հայաստանում խնամքի կենտրոնների պակաս կա, ինչը շատ մեծ խնդիր է։

«Ունենք անձինք, ովքեր գալիս են մեզ մոտ, բուժման ընթացքը 21 օր է, 21 օր հետո չունենք համապատասխան ինստիտուտներ, որ կարողանանք ուղարկել, որպեսզի հետագա խնամքն իրականացվի»,- հավելեց Անահիտ Ավանեսյանը։