Սոցցանցերում տարածվում է իր հարսանիքից ուշացող հարսի տեսանյութը, ով պատմել է, թե ինչպես է հարսանիքի օրը գեղեցկության սրահից եկեղեցի շտապելիս հայտնվել խցանման մեջ։
Նրա խոսքով՝ ինքն արդեն մտածել է, որ կարող է ուշանալ, մինչդեռ ընկերուհին փորձել է որևէ կերպ լուծել իրավիճակը։
«Ընկերուհիս զանգեց ու ասաց՝ «Կանգնի՛ր, մեքենա է գալիս հետևիցդ»։ Կանգնեցի, ոչինչ չէի հասկանում։ Հետո պարեկային մեքենան կանգնեց մեր կողքը, ընկերուհիս եկավ, ձեռքիցս բռնեց ու տարավ դեպի պարեկային մեքենան»,- գրել է նա։
Հարսի խոսքով՝ մեքենայում պարեկը նախ հարցրել է՝ «Հարսնաքո՞ւյրն եք», ինչին նա պատասխանել է. «Չէ, հարսն եմ»։ Դրանից հետո, ինչպես պատմում է կինը, պարեկը զարմանքով արձագանքել է, և նրան ուղեկցել են մինչև եկեղեցի։
«Հյուրերը երևի մինչև հիմա չէին պատկերացնում, որ հարսը կարող է ոչ թե սպիտակ հարսանեկան մեքենայից, այլ պարեկային մեքենայից իջնի։ Ես մինչև մահ չեմ մոռանա քավորիս հայացքը։ Իսկ ամենախնդալու պահն այն էր, որ փեսան էլ դեռ չէր հասել. իմանայի՝ իրեն էլ հետս կվերցնեի»,- հումորով նշել է նա։










