ԱՄՆ իշխանությունները հունիսի առաջին կեսին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել ՀՀ քաղաքացու (կամ քաղաքացիների), սակայն մինչ այս պահը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել այս թեմայով հարցմանը»,-հայտնում է Sputnik Արմենիան։
Բանն այն է, որ ԱՄՆ իշխանությունները Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել 3–րդ երկրի մոտ 20 քաղաքացիների։ Դատարանի որոշումների պատճառով նրանց թույլ չեն տվել ուղարկել իրենց հայրենիք, սակայն ԱՄՆ իշխանությունները ելք են գտել սահմանափակումները շրջանցելու համար՝ նրանց ուղղարկելով 3–րդ երկիր։
Այն մասին, որ արտաքսվածների մեջ ՀՀ քաղաքացի (քաղաքացիներ) կա, գրել է AP գործակալությունը ՝ վկայակոչելով իրանա-ամերիկյան իրավական պաշտպանության հիմնադրամի (IALDF) գործադիր տնօրեն Ալի Ռահնամին:
Ավելի ուշ ԱՄՆ պաշտոնյան CBS-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը` անանուն մնալու պայմանով։ Նա նշել է, որ արտաքսվածների թվում կան նաև միգրանտներ Հայաստանից և Իրաքից։
Արտաքսվածների ցուցակում ՀՀ քաղաքացու (քաղաքացիների) առկայության մասին տեղեկությունը հաստատում է նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
2025 թվականին ԱՄՆ–ից Հայաստան է ուղարկվել արտաքսված անձանցով ևս 2 ինքնաթիռ
Հետաքրքրական է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն ինքն է խորհուրդ տալիս իր քաղաքացիներին չմեկնել Կենտրոնական ԱֆրիկայիՀանրապետություն՝ «անկարգությունների, հանցագործությունների, առևանգումների, ահաբեկչության ռիսկերի» պատճառով։
Sputnik Արմենիան հետևել է արտաքսվածներին Բանգի (Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաք) տեղափոխող չվերթին, որը մինչև Բանգի հասնելը կանգառ է կատարել Գանայում։ Երբ չվերթը հասել է Բանգի, Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ տեղեկության հաստատման համար։
Չնայած հարցումից ավելի քան երկու շաբաթ է անցել, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի արձագանքել հարցմանը։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն։
Հիշեցնենք` այս տարվա մայիսին ԱՄՆ-ից Հայաստան արտաքսվածներ տեղափոխող չվերթ էր իրականացվել։










