Այս գործընթացը՝ ձեր բեմականացմամբ, ինձ մոտ ծիծաղ է առաջացնում. Գալյանը՝ Մելոյանին


Այս գործընթացը՝ ձեր բեմականացմամբ, ինձ մոտ ծիծաղ է առաջացնում. Գալյանը՝ Մելոյանին
Հունիս 30 22:39 2026

«Ինձ մոտ տպավորություն է, թե մենք ուղղակի ժամանակը սպառում ենք, ինչի՞ ապացուցմանն է միտված սա։ Հարգելի ներկայացուցիչ, ականատես եղե՞լ եք՝ մասսայական թափանցիկ ծրարներ կան, ձեր վստահված անձի՞նք են այդ խնդրի մասին բարձրաձայնել։ Դուք ասում եք՝ մամուլից ենք տեղեկացել։ Կամ դուք, որ նայում եք ծրարին ու թափանցիկություն եք ստուգում, երբևէ նման իրավիճակ եղե՞լ է, որ մեկը լուսաթափանցելիություն ստուգի, գնա։ Կամ տիկին Մելոյանն անդրադառնում է դրոշմապիտակներ փակցնելուն, փորձում է տպավորություն ստեղծել, որ դրա արդյունքում անվավերության հետևանքներն ավելի շատ են եղել։ Բայց եթե նայենք փաստերը, ամենաշատ ձայն ստացած կուսակցության քվեաթերթիկներն են անվավեր ճանաչվել, ինչի՞ մասին է խոսքը։ Այս ամբիոնը մի օգտագործեք ձեզ՝ քաղաքական տեսանկյունից հարմար հայտարարություններ անելու համար, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Այս գործընթացը՝ ձեր բեմականացմամբ, ինձ մոտ ծիծաղ է առաջացնում»,- այսօր Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները քաղաքական 7 ուժերի կողմից վիճարկվող դիմումի քննության ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ դիմելով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Գոհար Մելոյանին։

ՍԴ նախագահը խնդրեց հարգանքով վերաբերվել կողմերին՝ ասելով, որ կողմն իրականացնում է իր դատավարական իրավունքները։ ՍԴ նախագահը Գալյանին նաև հիշեցրեց, որ անհարգալից վերաբերմունքը կողմերին, անհարգալից վերաբերմունք է նաև դատարանի նկատմամբ։ 

«Ես կարծում եմ՝ անհարգալից վերաբերմունք է և՛ դիմումատուի, և՛ բարձր դատարանի նկատմամբ բեմականացում ասել փաստերի ներկայացումը, տիկին Գալյան»,- արձագանքեց Գոհար Մելոյանը։