Այս տարի Վարդավառը միասին չի տոնի Արզաքանցյան-Ռոտենբերգ զույգը: «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ, գործարար Տիգրան Արզաքանցյանը Նատալյա Ռոտենբերգին մոտենալ անգամ չի կարող:«Տիգրան Արզաքանցյանը չի կարող մոտենալ անձամբ Նատալյա Սերգեևնային՝ ոչ անձամբ և ոչ էլ միջնորդավորված: Անթույլատրելի է նրանց շփումը, ընդ որում՝ այդ որոշման կատարման համար տիկին Նատալյա Սերգեևնային արդեն կցվել են հատուկ անձինք, որոնք 24 և 7 ռեժիմով իրականացնում են իր պաշտպանությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նատալյա Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը:
Սոցցանցային հարթակներում պարբերաբար սեր, հավատարմություն ու հանրային գործերում էլ լիովին ներդաշնակություն ցուցադրող ամուսինները դատական պրոցեսում են: Հունիսի 8-ին Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել. խանդոտ ամուսինը ֆիզիկական բռնություն է գործադրել իր նկատմամբ:
«Հունիսի 8-ին ժամը 20-ի սահմաններում հենց տիկին Նատալյա Սերգեևնայի բնակության վայրից զանգը եղել է՝ կապված իր ամուսին Տիգրան Միշայի Արզաքանցյանի կողմից խանդի հողի վրա կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել Նատալյա Սերգեևնայի նկատմամբ», - փոխանցեց փաստաբանը:
Հասմիկ Մարտիրոսյանն այլ մանրամասներ չասաց՝ միայն այն, որ քրեական գործ է հարուցվել երկու՝ բռնության ու ազատությունից ապօրինի զրկելու հոդվածներով:
«Ծեծ է, տեղաշարժի սահմանափակում է, ֆիզիկական կամ հոգեբանական ցավ և այլն՝ եկեք ճիշտ կլինի թողնենք նախաքննության մարմնի գործողությունների շարքում է, թե ինչ որակում կստանա», - նշեց փաստաբանը:
Զույգը երեք տարի առաջ ծանոթության 5-ամյակն էր նշում՝ երկնակամարում ոչ մի ամպ չկար:
Ռոտենբերգի թիմին նույնիսկ հարցն է վիրավորում՝ արդյո՞ք ամուսնու կողմից բռնությունը պարբերաբար է եղել. մի՞թե նա թույլ կտար, մի՞թե կհանդուրժեր, սա առաջին դեպքն էր:
«Որևէ կին չպետք է ենթարկվի որևէ բռնության՝ լինի հոգեբանական, լինի ֆիզիկական: Կան կանայք, որոնք դա հանդուրժում են երբեմն, լինում է՝ տևական, բայց տիկին Նատալյա Սերգեևնան, վստահ ասում եմ, այդ կինը չի», - ընդգծեց Հասմիկ Մարտիրոսյանը:
Տիգրան Արզաքանցյանի հետ կապ հաստատել «Ազատություն»-ը չկարողացավ, ասացին՝ Հայաստանում չէ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում:










