«Մենք պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել գործի քննությունը, դրանով է պայմանավորված խիտ, լարված ռեժիմով աշխատանքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով արդեն 5-րդ օրը ՍԴ-ում քննվող հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործին։
Նա հայտնեց, որ այսօր նիստի ընթացքում գաղտնի փաստաթղթեր են ուսումնասիրելու․ «Միայն այդ գաղտնի փաստաթղթերը ուսումնասիրելու համար դատավարության մի հատվածը փակ դռների հետևում է լինելու, միայն դատավարության մասնակիցներն են մասնակցելու և դատավորները»։
Հարցին՝ երեկ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցադրումներից հետո դիմողները հայտարարեցին՝ քաղաքական գնահատականներ է հնչում բարձր դատարանից, ինչպե՞ս է գնահատում, Դիլանյանը պատասխանեց. «Ես նիստի ժամանակ ասացի՝ դատավորը գործի հանգամանքները պարզելու պարտականություն, լիազորություն ունի «Սահմանադրական դատարանի» մասին օրենքի համաձայն։ Դա նշանակում է, որ դատավորն ավելի ակտիվ մասնակցություն է ունենում պրոցեսում»։










