Երևան մտնելիս պիտի թողնել մեքենաները ու տրանսպորտով երթևեկե՞լ


Երևան մտնելիս պիտի թողնել մեքենաները ու տրանսպորտով երթևեկե՞լ
Հունիս 29 12:18 2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձել է քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությանը և երթևեկության կազմակերպման խնդիրներին՝ ընդգծելով նոր մոտեցումների անհրաժեշտությունը։

 

 

Նրա խոսքով՝ քաղաքի մուտքային հատվածներում պետք է ձևավորվեն խոշոր ավտոկայանատեղիներ, որտեղ քաղաքացիները կկարողանան թողնել իրենց անձնական մեքենաները և շարունակել տեղաշարժվել հանրային տրանսպորտով։

 

Քաղաքապետը նշել է, որ քաղաքացիների մի մասը դժգոհում է ավտոբուսային առանձին գծերից՝ կարծելով, թե դրանք սահմանափակում են անձնական մեքենաների օգտագործումը։ Սակայն, ըստ նրա, իրականում խնդիրն այն է, որ ավտոմեքենաների քանակի աճը հանգեցնում է երթևեկության էլ ավելի բարդացման։

 

Ավինյանի խոսքով՝ Երևանում, հատկապես կենտրոնական հատվածում, ճանապարհները ընդլայնելու հնարավորություն այլևս չկա, և այդ պայմաններում միակ արդյունավետ լուծումը հանրային տրանսպորտի զարգացումն ու դրա համար առանձին գծերի ապահովումն է։ Նա ընդգծել է, որ միայն այս կերպ հնարավոր կլինի բարձրացնել երթևեկության արագությունն ու հարմարավետությունը՝ միաժամանակ նվազեցնելով քաղաքի գերծանրաբեռնվածությունը։

 

«Քաղաքի մուտքերի մոտ պետք է առանձնացնել այն կետերը, որտեղ ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնելու են իրենց անձնական մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով»,- նշել է նա: