Ալեն Սիմոնյանը հաստատում է` եթե Գաֆարովան հրավիրի, կգնա «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կոնֆերանսին


Ալեն Սիմոնյանը հաստատում է` եթե Գաֆարովան հրավիրի, կգնա «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կոնֆերանսին
Հունիս 2 01:06 2026

«Հանրային հեռուստաընկերության» նախընտրական բանավեճի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Դուք ձեր ադրբեջանցի գործընկերոջը` Գաֆարովային, հրավիրել եք Հայաստան, հավանաբար, նա կլինի 300000-ից առաջին ադրբեջանցին: Նա ձեզ ոչ մի անգամ չի հրավիրել Ադրբեջան, բայց դուք հաստատել եք, որ եթե նա որևէ անգամ ձեզ հրավիրի, գնալու եք Ադրբեջան: Հիմա հունիսի 18-19-ն Օրդուբադում վերադարձ Արևմտյան Ադրբեջան կոնֆերանսն է, եթե Գաֆարովան ձեզ հրավիրի, կարո՞ղ ենք պնդել, որ դուք գնալու եք այդ կոնֆերանսին:
«Լուրջ չի, ձեր հարցը լուրջ չի,- նախահարձակ եղավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հետո ավելացրեց,- վերահաստատում եմ, որ հրավերի և հարմար առիթի պարագայում ես կայցելեմ: Եվ կհրավիրեմ մեր բոլոր հարևան երկրների ներկայացուցիչներին Հայաստան: Վերջերս մի համաժողով էր անցնում Ադրբեջանում, բայց ցավոք սրտի քարոզարշավի պատճառով ես հրաժարվել եմ»:
«Ցավոք սրտի»,- հեգնեցին ընդդիմադիրները:
Էդգար Ղազարյանն էլ փաստեց. «Ես ուղղակի տեղեկացնում եմ, որ պարոն Սիմոնյանը ՀՀ է հրավիրում մի երկրի խորհրդարանի ղեկավարին, որը Հայաստանը դեռևս որպես պետություն անգամ չի ճանաչել»: