Հայաստանում սպասվող հակախտրական օրենսդրական փաթեթի շուրջ միջազգային ուղերձները գնալով ավելի կոնկրետ են դառնում։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին հրապարակված նամակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցել է մի շարք առաջարկներ, որոնք, ըստ էության, սահմանում են այն նվազագույն չափանիշները, որոնց համապատասխանությունը Եվրոպայի խորհուրդը ակնկալում է նոր օրենքից։ Նրա խոսքով՝ ապագա իրավական համակարգը պետք է լինի ամուր, համապարփակ և ստեղծվի քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ խորհրդակցությամբ։ Հանձնակատարի առաջարկների առանցքում մի քանի առանցքային ուղղություն կա։ Առաջինը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի վերափոխումն է հավասարության մարմնի՝ հստակ մանդատով, իրավասություններով և ռեսուրսներով։ Երկրորդը խտրականությունից պաշտպանության հիմքերի ցանկի հստակեցումն է, այդ թվում սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և սեռական հատկանիշների ուղղակի ներառմամբ։ Երրորդը հասարակական կազմակերպությունների իրավասության ընդլայնումն է, որպեսզի նրանք կարողանան ներգրավվել հակախտրական վարույթներում ոչ միայն կոնկրետ անձի ներկայացմամբ, այլև հանրային շահի տեսանկյունից։ Փաստաթուղթը նաև մանրամասն անդրադառնում է ատելության խոսքի թեմային։ Եվրոպայի խորհուրդը հիշեցնում է, որ Հայաստանի Քրեական օրենսգիրքը 2022 թվականից արդեն նախատեսում է նման վարքագծի քրեականացում, սակայն դա ներկայացվում է որպես ոչ բավարար լուծում։ Առաջարկվում է ստեղծել ավելի լայն մեխանիզմներ, որոնք կտարածվեն քաղաքացիական և վարչական իրավունքի վրա, ինչպես նաև կապահովեն պաշտպանության գործիքներ առցանց տարածքում։ Այսպիսով, խոսքը ոչ միայն նոր օրենքի ընդունման, այլ ամբողջական իրավական ճարտարապետության ձևավորման մասին է։ Հայաստանի կառավարության պատասխան նամակը ցույց է տալիս, որ պաշտոնական Երևանը փորձում է պահպանել համագործակցային տոնը և ներկայացնել ընթացող աշխատանքը որպես համակարգային բարեփոխում։ Դրանում նշվում է, որ համապատասխան օրենքի նախագիծը պատրաստվել է Արդարադատության նախարարության կողմից, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերակատարության ընդլայնումը դիտարկվում է որպես այդ նույն համակարգի կենտրոնական տարր։ Հենց այս պատճառով հակախտրական օրենսդրության շուրջ առաջիկա քննարկումները հավանաբար լինելու են ոչ միայն իրավական, այլև խորապես քաղաքական՝ կապված պետության, հասարակության և միջազգային գործընկերների հարաբերությունների հետ։










