«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին տեսակապի միջոցով հեռարձակվեց կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ուղերձը։
Կարապետյանն իր խոսքում շեշտեց՝ երաշխավորում է՝ փոփոխություններ են գալու երկրի կյանքում, մարդիկ դրանք կզգան հենց հունիսի 7-ից հետո։
«Յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով, ես երաշխավորում եմ»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Նա նշեց նաև՝ դա իրականություն դարձնելու և գործող իշխանության՝ այս տարիների ձախողումները վերացնելու հնարավորություն ունենալու համար հայ ժողովուրդը պետք է կատարի վերջին տասնամյակների ամենակարևոր որոշումներից մեկը և վճռի այս և գալիք սերունդների ապագան։
«Այսօր սրանից ավելի կարևոր հարց չկա։ Հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը։ Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդը ընտրություն կատարեց ապրել ազատ և ուժեղ Հայաստանում»,- ասաց Սամվել Կարապետյանը։










