Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ


Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ
Օգոստոս 23 23:37 2025

Պատկերացրեք, որ ամեն օր շուկայից գնելով ամենաթարմ միրգն ու բանջարեղենը, դուք կարծում եք, թե հոգ եք տանում ձեր, ձեր ընտանիքի և ձեր երեխաների առողջության մասին։ Իսկ ի՞նչ կլինի, եթե իմանաք, որ դրանով դուք մեծացնում եք քաղցկեղի և մի շարք այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը։

-Ինչպե՞ս,-կասեք դուք,-անհավատալի է։

Մենք էլ այդպես կասեինք մինչև 2024թ.-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրապարակած պետական մոնիթորինգի արդյունքները տեսնելը, ըստ որի՝ լայն սպառում ունեցող տեղական միրգ-բանջարեղենում հայտնաբերվել էին քաղցկեղածին թունաքիմիկատների անթույլատրելի քանակներ։ 

Քլորպիրիֆոս, բիֆենտրին, դիմետոատ, ցինեբ և տասնյակ այլ դժվար հիշվող անուններն այն թունաքիմիկատներն են, որոնք, պարզվում է, մենք կերել ենք այս տարիների ընթացքում խնձորի, ծիրանի, խաղողի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, ձմերուկի հետ։

Սրան զուգահեռ, վերջին տարիներին Հայաստանում քաղցկեղի տարածվածությունը 45%-ով ավելացել է. բժիշկները փաստում են՝ սննդի որակի և քաղցկեղի միջև կապ կա, գենետիկներն էլ հաստատում՝ սնունդն ազդում է գեների, այսինքն նաև՝ հետագա սերունդերի առողջության և կյանքի որակի վրա։

Հետևաբար, մենք որոշեցինք ոչ միայն մանրամասն ուսումնասիրել այդ մոնիթորինգների արդյունքները, այլև՝ գիտական կենտրոնի հետ համատեղ հաշվարկել իրական ռիսկերը՝ հաշվի առնելով Հայաստանի բնակչության օրական սննդակարգը՝ հասկանալու՝ ինչպես է սնունդն ազդում քաղցկեղի զարգացման վրա։ 

Ինչպե՞ս են մշակվում դաշտերը, ո՞ր թունաքիմիկատներն են ամենաշատն օգտագործվում, և արդյոք դրանք ճիշտ են կիրառվում, ի՞նչ են մինչ օրս արել և անում պատասխանատու պետական մարմինները, և, վերջապես, ի՞նչ է իրականում հայտնվում մեր «առողջ» ափսեի մեջ։

Ամիսներ տևած այս հետազոտությամբ՝ գտանք այս և մի շարք այլ հարցերի պատասխանները։

 

Ֆիլմը՝ նյութի վերջում

«Պեստիցիդների մնացորդային քանակները վտանգավոր են մարդու կյանքի և առողջության համար». ՍԱՏՄ

2024թ. փետրվարի 26-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն էր տարածել՝ հրապարակելով 2019թ.-ին և 2021թ.-ին իրականցված պետական մոնիթորգինգի արդյունքները, ըստ որի՝ տեղական միրգ-բանջարեղենում հայտնաբերվել էին «պեստիցիդների {թունաքիմիկատների} մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման դեպքեր»։

Թունաքիմիկատները (պեստիցիդներ), ժամանակակից գյուղատնտեսության անբաժանելի մասն են. դրանք քիմիական կամ կենսաբանական միացություններ են, որոնք ոչնչացնում են վնասատուներին, պայքարում հիվանդությունների և մոլախոտերի դեմ, ավելացնում բերքատվությունը։

ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գնահատմամբ՝ վնասատուներն ու հիվանդությունները տարեկան նվազեցնում են բերքը 20-40%-ով։

Հաշվարկված է, որ թունաքիմիկատները 30-70%-ով ավելացնում են մրգերի, բանջարեղենի, հատիկեղենի բերքատվությունը։

  • Թունաքիմիկատների հիմնական տեսակներն են՝
  • Միջատասպաններ (ինսեկտիցիդներ)՝ վնասատու միջատների դեմ
  • Սնկասպաններ (ֆունգիցիդներ)՝ սնկային հիվանդությունների դեմ
  • Խոտասպաններ (հերբիցիդներ)՝ մոլախոտերի դեմ
  • Բակտերիասպաններ (բակտերիցիդներ)
  • Կրծողասպաններ (ռոդենտիցիդներ)՝ սահմանափակ կիրառմամբ

2019թ-ին փորձաքննվել էր 17 տեսակի միրգ-բանջարեղեն, 2021թ-ին՝ 13, որոնց մի մասում հայտնաբերվել էին տարբեր թունաիքիմիկատների գերազանցումներ։

«Առավել խնդրահարույց է եղել խաղողը, որի նմուշներում, ազդող նյութերի պարունակության նկատմամբ փորձաքննությունների արդյունքում, արձանագրվել է շեղման 24 դեպք։

Մյուսը խնձորն է, որի նմուշներում արձանագրվել է շեղման 15 դեպք, ինպես նաև՝ սալորը, որի բոլոր նմուշներում արձանագրվել են շեղումներ թիրախային բոլոր ցուցանիշներից»,- հայտնել էին ՍԱՏՄ-ից։

ՍԱՏՄ-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ սա ֆերմերների և հողօգտագործողների կողմից վարվող ոչ ճիշտ գյուղատնտեսության հետևանք է՝ հորդորելով ճիշտ, տեղին և ժամանակին կիրառել թունաքիմիկատները։ 

ՍԱՏՄ-ն նաև հայտնել էր, որ տեսչական մարմնի մասնագետները պատրաստ են խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն տրամադրել.

«Անհրաժեշտ է գիտակցել, որ պեստիցիդների սխալ կիրառման դեպքում բուսական ծագման սննդամթերքում մնացորդային նյութերի քանակները կարող են գերազանցել թույլատրելի շեմը՝ այն դարձնելով մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր»,- եզրափակել էր ՍԱՏՄ-ն։

Ի՞նչ մնացորդային նյութեր էին դրանք, ո՞ր մրգերում և բանջարեղեններում էին հայտնաբերվել, որքա՞ն են գերազանցել թույլատրելի շեմն ու արդյո՞ք դա իսկապես վտանգավոր է մեր՝ սպառողներիս «կյանքի և առողջության համար»։ Ի վերջո, ինչու՞ է պետական վերահսկող մարմինն այս ամենի մասին հայտնում 3 և 5 տարի ուշացումով, երբ նշված մթերքը վաղուց արդեն սպառվել է։

Այս հարցերի պատասխանը, ՍԱՏՄ-ն, ցավոք, չէր տվել հաղորդագրության մեջ։ 

Բիֆենտրին՝ խաղողի բոլոր նմուշներում, դիմետոատ՝ խնձորի ամեն 2-րդ նմուշում. մոնիթորինգի իրական պատկերը

Այս հաղորդագրությունից հետո մենք դիմեցինք ՍԱՏՄ՝ խնդրելով տրամադրել 2 մոնիթորինգների արդյունքները, փորձաքննված միրգ-բանջարեղենի  ցանկը, նմուշների թիվն ու հայտնաբերված թունաքիմիկատների մնացորդային քանակները։  

Ընդհանուր առմամբ՝ 2019թ. և 2021թ.ին իրականացված մոնիթորինգների ժամանակ փորձաքննել էր 340 նմուշ։

2019թ-ին խախտումներ չեն հայտնաբերվել միայն ծիրանի, նռան և հնդկաձավարի նմուշներում։ 2021թ-ին պատկերը վատացել է. փորձաքննված բոլոր տեսակի նմուշներում հայտնաբերվել են թունաքիմիկատների մնացորդային քանակների գերազանցումներ։ 

2 մոնիթորինգների ընթացքում փորձաքննվել էր 30-ից ավելի թունաքիմիկատ տարբեր նմուշներում։ Հերթով դրանք չթվարկելու համար՝ ներկայացնում ենք միայն առավել հաճախ հայտնաբերված թունաքիմիկատներն ու առավել խնդրահայրույց միրգ-բանջարեղենը 

Օրինակ, 2019թ. փորձաքննված խաղողի բոլոր՝ 15 նմուշներում հայտնաբերվել է բիֆենտրին

«Բիֆենտրինը միջատասպան թունաքիմիկատ է, արգելված՝ ԵՄ երկրներում։ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (U.S. Environmental Protection Agency (EPA)) բիֆենտրինը դասակարգել է՝ որպես C կարգի հնարավոր քաղցկեղածին նյութ. այս գնահատականը հիմնված է մկների մոտ միզապարկի ուռուցքների, արու մկների մոտ՝ լյարդի ադենոմայի և ադենոկարցինոմայի, ինչպես նաև՝ որոշ էգ մկների մոտ թոքերի բրոնխոալվեոլային ադենոմաների և ադենոկարցինոմաների աճի մակարդակի վրա.  EPA 2011թ. հաշվետվության մեջ նշում է, որ բիֆենտրինի՝ կենդանիների վրա որոշ փորձերում կարող է նկատվել քաղցկեղածին ակտիվություն (հատկապես լյարդի բջիջներում և միզապարկում). մարդկանց վրա ռիսկը համարվում է դեռևս ցածր։

Բիֆենտրինը մուտագեն հատկություններ է ցուցաբերել նաև մկների լիմֆոմայի փորձարկման ժամանակ։ 

Մտահոգիչ քանակությամբ բիֆենտրին է հայտնաբերվել նաև սալորի 7 նմուշներից 6-ում, ինչպես նաև՝ ձմերուկի ամեն 2-րդ նմուշում (ինչքան թիվը փոքր է, այնքան՝ վատ է, հեղ.)։ 

Բացի այդ, 2019-ի մոնիթորինգի արդյունքում սալորի գրեթե բոլոր նմուշներում (ամեն 1.4, հեղ.), ինչպես նաև՝ խնձորի ամեն 3-րդ, լոբու ամեն 5-րդ նմուշներում հայտնաբերվել է դիմետոատ։

Դիմետոատը ֆոսֆորօրգանական թունաքմիկատ է. որն արգելված է ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում։  ԵԱՏՄ երկրներում, Չինաստանում, Հնդկաստանում ու մի շարք այլ զարգացող երկրներում արգելված չէ, սակայն՝ թույլատրելի առավելագույն մակարդակների խիստ վերահսկողությամբ։

Դիմետոատը չունի հստակ միջազգային դասակարգում՝ որպես քաղցկեղածին, սակայն կան մի շարք հետազոտություններ, որոնք փաստում են դիմետոատի ու քաղցկեղի, մասնավորապես, ոչ Հոջկինի լիմֆոմայի և լեյկեմիայի առաջացման կապի մասին։

Բացի այդ, դիմետոատը կարող է նաև վնասել ԴՆԹ-ն։

2019թ. և 2021թ. մոնիթորինգների արդյունքում ամենաշատ հայտնաբերված թունաքիմիկատը (հետևաբար, Հայաստանում գյուղատնտեսության մեջ շատ կիրառովող ) եղել է քլորպիրիֆոսը. այն հայտնաբերվել է, օրինակ, դեղձի և վարունգի, սեխի ամեն 3-րդ նմուշում, ոլոռի ամեն 2-րդ, լոբու ամեն 4-րդ նմուշում։

Քլորպիրիֆոս — նույնպես ֆոսֆորօրգանական թունաքիմիկատ է, շուկայում հայտնվել է 1960-ականներին։ Ունի ազդեցության լայն շրջանակ, սպասման համեմատաբար կարճ ժամկետ, պահպանում է բույսը վնասատուներից անգամ կիրառումից շաբաթներ անց, ինչի շնորհիվ առաջատար դիրքեր է գրավել շուկայում։ Սա բույսերի պաշտպանության տեսակետից արդյունավետ է, սակայն սննդամթերքի անվտանգության առումով՝ կարող է մտահոգություններ առաջացնել։

Եվրոպական քիմիական գործակալությունը (European Chemicals Agency,  ECHA) քլորպիրիֆոսը դասակարգել է` որպես վնասակարության 2-րդ դասի նյութ, ինչի հիման վրա ԵՄ-ն արգելել է դրա կիրառումը։ 

ԵԱՏՄ-ում և զարգացող երկրներում քլորպիրիֆոսը դեռ կիրառվում է՝ մնացորդային քանակների խիստ վերահսկողությամբ, մինչդեռ Կանադան, ԱՄՆ-ն և եվրոպական երկրները այն ամբողջությամբ արգելել են։

Թեև քլորպիրիֆոսը հստակ դասակարգված չէ, որպես քաղցկեղածին, բայց կան առանձին հետազոտություններ, որոնք վկայում են, որ կապ կա դրա և թոքերի քաղցկեղի ռիսկի բարձրացման միջև . քլորպիրիֆոս առավել հաճախ օգտագործողների մոտ թոքերի քաղցկեղի հարաբերական ռիսկը գրեթե կրկնակի բարձր է եղել՝ համեմատած չօգտագործողների հետ։

2021-ին, ինչպես արդեն նշել ենք, պատկերն ավելի է վատացել։ Օրինակ,  փորձաքննվել է 10 թունաքիմիկատ խնձորի 18 նմուշում, և դրանցից 8-ը հայտնաբերվել է։ Կամ, խնձորի ամեն 3-րդ նմուշում հայտնաբերվել է քլորպիրիֆոս, ամեն 5-րդում՝ պրոպարգիտ,  ամեն 6-րդում՝ դիմետոատ։ Բացի այդ, 2021-ին խնձորի նմուշներում հայտնաբերվել է՝ մալաթիոն, ցինեբ, տրիֆլօքսիստրոբին, իմիդակլոպրիդ և թիամեթօքսամ։,

Լոլիկի 13 նմուշում նույնպես փորձաքննվել է 10 թունաքիմիկատ, որից 8-ը հայտնաբերվել է. քլորպիրիֆոս և ազոքսիստրոբին՝ ամեն 4-րդ, ցինեբ, իմիդակլոպրիդ և  լամբդա ցիհալոտրին՝ ամեն 7-րդ նմուշներում։ Բացի այդ, հայտնաբերվել են նաև պենկոնազոլ, դելտամետրին և տրիադիմեֆոն։ 

Պատկերը վատ է եղել նաև տաքդեղի դեպքում. փորձաքննվել է 10 տեսակի թունաքիմիկատ 6 նմուշում, որից 6-ը հայտնաբերվել է. մասնավորապես, քլորպիրիֆոս և պրոպարգիտ ամեն 2-րդ նմուշում, իմիդակլոպրիդ և տրիադիմեֆոն ամեն 3-րդ նմուշում և ֆենվալերատ և ֆոսալոն՝ 1-ական նմուշներում։

Նույն պատկերը սբմուկի դեպքում է. 10 տեսակի թունաքիմիկատից 6-ը հայտնաբերվել են փորձաքննված 7 նմուշում։ Մասնավորապես, ազոքսիստրոբին, քլորպիրիֆոս և ֆենվալերատ ամեն 4-րդ նմուշում, ինչպես նաև մեկական նմուշներում՝ իմիդակլոպրիդ, տրիադիմեֆոն և ցինեբ։ 

2021-ին քլորպիրիֆոս հայտնաբերվել է տաքդեղի ամեն 2-րդ, վարունգի և դեղձի ամեն 3-րդ, ձմերուկի, սեխի և սմբուկի՝ ամեն 4-րդ, կարտոֆիլի և ծիրանի ամեն 5-րդ նմուշում, խաղողի՝ ամեն 6-րդ նմուշում։ 

 

Դիմետոատ՝ խաղողի ամեն 3-րդ, սալորի ամեն 5-րդ նմուշներում. հարկ է նել, որ 2021թ.ին դիմեոտատը պարզապես քիչ է փորձաքննվել։ Սա ևս շատ կարևոր հանգամանք է, քանի որ շատ միրգ-բանջարեղեններում մի շարք թունաքիմիկատներ ոչ թե չեն հայտնաբերվել, այլ պարզապես չեն փորձաքննվել։

Ամփոփելով՝ փորձաքննված 34 թունաքիմիկատներից առնվազն 20-ը կամ 60%-հայտնաբերվել է առնվազն 1 նմուշում։ Արդարության համար պետք է ասել, որ մի շարք թունաքիմիկատներ տարբեր նմուշներում ոչ թե չեն հայտնաբերվալ, այլ պարզապես չեն փորձաքննվել։

 

 

Հայտնաբերված 4 թունաքիմիկատ դասակարգված է IARC-ի կողմից

Վերևում արդեն նշեցինք, որ կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ որոշ թունաքիմիկատներ կարող են մեծացնել տարբեր տեսակի քաղցկեղների առաջացման հավանականությունը, սակայն դրանցից ոչ բոլորն են դասակարգված՝ որպես քաղցկեղածին։ 

Օրինակ, փորձաքննված 34 տեսակի թունաքիմիկատներից միայն  4-ն են դասակարգված միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO) Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության  (International Agency for Research on Cancer (IARC)) կողմից։

 

 

Դրանք են մալաթիոնը դելտամետրինը, ցինեբը և ֆենվալերատը։ 2021թթ.ին իրականացրած մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել 1 Մալաթիոնը հավանական քացկեղածին է՝ 2A խմբից (հավանական քաղցկեղածին (probably carcinogenic to humans)) և հայտնաբերվել է 2021թ.ին ծիրանի և խնձորի նմուշներում (մնացածներում մալաթիոն ուղղակի չի փորձաքննվել)։

Դելտամետրինը (հայտնաբերվել է լոլիկում), ցինեբը (լոլիկում, խնձորում, սմբուկում) և ֆենվալերատը (սմբուկում, տաքդեղում) 3-րդ խմբի քաղցկեղածին թունաքիմիկատներ են (դասակարգված չեն (not classifiable), քանի որ դեռևս չկան բավարար ապացույցներ, սակայն վտանգավոր են

Այս բոլոր տվյալները վերլուծելուց հետո անհրաժեշտ էր ի վերջո հասկանալ՝ արդյոք այդ թունաքիմիկատներն իսկապես կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Հետևաբար, այս տվյալներով դիմեցինք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» (այսուհետ՝ «Էկոկենտրոն», հեղ.), որպեսզի իրական հաշվարկներ կատարվեն՝ հաշվի առնելով Երևանում և մարզերում մարդկանց օրական սննդակարգն ու նշված մթերքների սպառումը։

Սակայն, մինչև այդ, եկեք հասկանաք՝ ինչ պատկեր է Հայաստանում քաղցկեղի դեպքերի և տարածվածության մասով։

 

Հայաստանում ամեն 47-րդ մարդ քաղցկեղ ունի. 5 տարում հիվանդության տարածվածությունն աճել է 45%-ով