Բաքվի բանտում գտնվող Վագիվ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը գրում է.
«Երբեմն թվում է, թե ամեն բառ ավելորդ է… երբեմն թվում է՝ անիմաստ է ինչ-որ բան գրել, էմոցիաներ կիսել համացանցում։ Բայց լինում են օրեր, երբ լռել չես կարող , երբ բառերն են դառնում միակ ձևը՝ խեղդված զգացմունքները դուրս բերելու։ Այսօր հայրիկիս 70-ամյակն է… իսկ մենք խենթանում ենք անզորությունից՝ որ չենք կարող պարզապես զանգահարել ու ասել. _Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր։ Կներես մեզ, անզորներիս… մեր բարի, մեր ամուր պապա։ Օդային գրկում ենք քեզ՝ այնքան սերտ, որքան թույլ է տալիս սիրտը։ Դու կզգաս մեր ջերմությունը՝ այն ուժը, որ պիտի քեզ օգնի դիմակայել բոլոր դժվարություններին։ Ոչ մի սահման չի կարող բաժանել մեզ։ Դու գալու ես… վստահ ենք..Խոստացել ես…».- գրել է նա։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվեց 15 տարվա ազատազրկման. պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Վերջին խոսքի ժամանակ Խաչատրյանը կրկին շեշտեց՝ ինքը որևէ կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ։ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Խաչատրյանին ադրբեջանցիները հուլիսի 29-ին առևանգել էին Հակարիի կամրջից։ Տարեց արցախցուն անհիմն մեղադրանք էր առաջադրվել 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում, իբր, իրականացված ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության, պետական գույքի ոչնչացման և վնասման հատկանիշներով։
Ադրբեջանի իրավապահները Խաչատրյանին մի շարք ծանր հանցագործություններ են վերագրում, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում», որի հետևանքով, իբր, 25 ադրբեջանցի է սպանվել։
Շինծու մեղադրանքը հաստատելու համար Բաքուն 59 անձի տուժող է ճանաչել, այնինչ դատավարության ամբողջ ընթացքում Խաչատրյանը հայտարարում էր, որ մեղավոր չէ։









