Իրանն աջակցում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և կարծում է, որ դրա կյանքի կոչումը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Թեհրանը համոզված է, որ փոխկապակցվածությունը տնտեսական զարգացման և բարօրության հիմնական բաղադրիչն է։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջակման շուրջ քննարկումներին, այդ համատեքստում Հայաստանի ներկայացրած առաջարկներին ու Ադրբեջանի կողմից շարունակվող հայտարարություններին արտատարածքային միջանցքի մասին։
Հարցազրույցում Էսմայիլ Բաղային անդրադարձել է նաև Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի քաղաքականությանը ու դրա վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև Փեզեշքիան-Ալիև հեռախոսազրույցին, որի ժամանակ Իրանի նախագահն Ադրբեջանի գործընկերոջը կոչ էր արել հետաքննել հրապարակումներն այն մասին, թե Իսրայելը Իրանի դեմ հարձակման համար օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը։
Հարցազրույցն անցկացվել է Թեհրանում` հուլիսի 29-ին։
-Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Հայաստանը առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ելնելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է արտատարածքային միջանցք պահանջել Հայաստանից՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու նպատակով։ Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանն այս հարցում։
-Թույլ տվեք այսպես ձևակերպել։ Նախ՝ մենք մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները թե՛ Ադրբեջանի Հանրապետության, և թե՛ Հայաստանի Հանրապետության հետ։ Նրանք մեր հարևաններն են, և մենք հաստատակամ ենք շարունակելու մեր բարի հարևանության քաղաքականությունը երկու պետությունների հետ։ Մենք բարեկամության ամուր կապեր ունենք թե՛ Ադրբեջանի, և թե՛ Հայաստանի հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք Իրանում ունենք շատ աշխույժ և կարևոր հայկական համայնք, որով հպարտանում ենք։
Մեզ համար կենսական նշանակություն ունի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումը, որովհետև այդ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը մենք ընկալում ենք որպես մեր սեփական խաղաղության ու անվտանգության բաղադրիչ։ Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։
Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիներին, ապա մենք միշտ աջակցել ենք դրանց, որովհետև համոզված ենք, որ փոխկապակցվածությունը տնտեսական զարգացման և թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների, ինչպես նաև իրանցիների բարօրության հիմնական բաղադրիչն է։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այդ նախաձեռնությունները կծնեն դրական արդյունք։ Մենք աջակցել ենք Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և կարծում ենք, որ այն օգտակար է ամբողջ տարածաշրջանի համար։
Միաժամանակ մենք հստակորեն նշել ենք, որ ցանկացած տրանսպորտային ուղի պետք է իրականացվի՝ հարգելով միջազգային ճանաչում ունեցող սահմանները և չխախտելով որևէ պետության ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։
Այսպիսով, չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը։
Մեկ այլ կարևոր կետ, որը մենք միշտ ընդգծել ենք և կարծում ենք, որ բոլոր տարածաշրջանային պետությունները պետք է գնահատեն, այն է, որ չի կարելի թույլ տալ երրորդ կողմերին՝ ոչ տարածաշրջանային դերակատարներին, միջամտել Հարավային Կովկասի գործերին։ Նման միջամտությունները միայն կբարդացնեն իրավիճակը և չեն ծառայի տարածաշրջանի պետությունների շահերին։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որը միշտ հնչեցրել ենք և շարունակելու ենք հետևել դրան։
-Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Հայկական կողմը նշել է, որ պատրաստ է ցանկացած պահի ստորագրել այդ համաձայնագիրը, սակայն Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել։ Ձեր կարծիքով՝ նման պայմաններում խաղաղությունը հնարավո՞ր է մոտ ապագայում։
-Իհարկե, հնարավոր է։ Եթե կա կամք, միշտ էլ կա ճանապարհ, և ոչ մեկ ճանապարհ։
Մենք հասկանում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակամարտության նախապատմությունը, ինչպես նաև այն բարդությունները, որոնք կարող են խոչընդոտել բանակցություններին և երկարացնել խաղաղության գործընթացը։ Բայց կարծում եմ՝ պետք է տեսնել դրական կողմը և լինել լավատես։
Դրականն այն է, որ կողմերին հաջողվել է մշակել խաղաղության պայմանագրի նախագիծ։ Գիտենք, որ դեռ որոշ ժամանակ է պետք այն վերջնականացնելու համար, սակայն այն փաստը, որ դուք արել եք դա, փաստաթղթի մեծ մասն արդեն համաձայնեցված է, և երկու պետություններն էլ, մեր պատկերացմամբ, պատրաստակամ են շարժվել այդ ուղղությամբ, ինքնին դրական ազդակ է։
Մենք քաջալերում ենք թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին՝ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը և ստորագրել այն։ Ես նախարար Արաղչիի հետ էի, երբ նա այցելեց Երևան, և ներկա եմ եղել նաև նրա հանդիպմանը ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Երկու հանդիպումների ժամանակ էլ նա հորդորեց կողմերին արագացնել գործընթացը և ավարտին հասցնել համաձայնագիրը, որովհետև դա կլինի երկարատև խաղաղության հիմնական երաշխիքը Հարավային Կովկասում։
-Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կուրս և այս համատեքստում խորացնում է հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Կան փորձագիտական կարծիքներ, որ Հայաստանի այս քաղաքականությունը Իրանի դեմ է և անընդունելի է Թեհրանի համար։ Կարո՞ղ եք հստակեցնել՝ Իրանը ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում։
-Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը և բարելավել հարաբերությունները տարբեր պետությունների հետ։ Դա նորմալ է։ Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Մենք բարեկամ ժողովուրդներ ենք։
Մեր երկու պետությունների միջև գոյություն ունի վստահության վրա հիմնված հարաբերությունների պատմություն, և կարծում եմ, թե՛ Իրանը, և թե՛ Հայաստանը պետք է գնահատեն այդ հիմքը։ Վստահ եմ, որ երկու պետություններն էլ շահագրգիռ են պահելու իրենց բարեկամական հարաբերությունները, որովհետև դա համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։
Իրանի համար կարևոր է, որ որևէ հարևան պետության հարաբերություններն այլ երկրների հետ չօգտագործվեն Իրանի դեմ։ Դա բխում է նաև միջազգային իրավունքի սկզբունքներից, որոնք արգելում են որևէ պետության տարածքի կամ հնարավորությունների օգտագործումը մեկ այլ պետության դեմ։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը շատ լավ հասկանում է այս կարևոր սկզբունքը։
Այսպիսով՝ Իրանի համար կարևոր է, որ իր հարևանների հարաբերություններն այլ դերակատարների հետ երբևէ և որևէ ձևով չուղղվեն Իրանի շահերի դեմ։
-Այս կոնտեքստում ևս մեկ հարց։ Մեկ ամիս առաջ Իրանի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և կոչ էր արել նրան հետաքննել հրապարակումներն այն մասին, թե Իսրայելը Իրանի վրա հարձակման համար օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը։ Իրանն ունի՞ փաստեր Իսրայելի կողմից Ադրբեջանի օդանյին տարածքն օգտագործելու վերաբերյալ, և Դուք ունե՞ք տեղեկատվություն՝ արդյոք ադրբեջանական կողմը հետաքննե՞լ է այդ հրապարակումները։
-Ինչպես նշեցի, մենք նույն ակնկալիքն ունենք թե՛ Ադրբեջանից, և թե՛ Հայաստանից կամ ցանկացած այլ հարևան պետությունից։ Այդ հեռախոսազրույցը նպատակ չուներ կոնկրետ մեղադրանք ներկայացնելու։ Դա նախագահների միջև հերթական զրույցն էր, որի ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Այդ զրույցի ընթացքում նախագահ Փեզեշքիանը, իհարկե, բարձրացրել է նաև այդ հարցը։
Սակայն կրկնում եմ՝ դա չէր նշանակում, թե Ադրբեջանը ներգրավված է եղել Իսրայելի հարձակման մեջ։ Դա պարզապես հիշեցում էր այն մասին, որ բոլոր պետությունները միջազգային իրավունքի ներքո ունեն պարտավորություն՝ թույլ չտալ, որ իրենց տարածքը չարաշահվի երրորդ կողմերի կողմից՝ մեկ այլ պետության դեմ։
Եվ սա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին։ Մենք կարող ենք նույն մտահոգությունները բարձրացնել նաև այլ հարևան պետությունների մոտ, որովհետև գիտենք, որ Իսրայելն օգտագործել է նաև այլ երկրների տարածքներ Իրանի դեմ գործողությունների համար։
Այսպիսով՝ սա կոնկրետ մեղադրանք չէր, այլ ընդհանուր բնույթի հիշեցում էր։
Եվ այդ հիշեցումը ուղղված է բոլոր հարևաններին՝ լինել զգոն, որովհետև մենք գործ ունենք մի թշնամու հետ, որը որևէ հարգանք չունի միջազգային իրավունքի և օրինականության հանդեպ։ Սա պահանջում է, որ մենք բոլորս զգոն լինենք և չթույլատրենք, որ այդ ուժերը վնաս տան մեր փոխհարաբերություններին։