Երբ հայրս ու ես օլիմպիական ու աշխարհի առաջնություններ էինք հաղթում, սա դեռ կյանքում չէր դրսևորվել․ Արսեն Ջուլֆալակյանը պատասխանել է Փաշինյանին


Երբ հայրս ու ես օլիմպիական ու աշխարհի առաջնություններ էինք հաղթում, սա դեռ կյանքում չէր դրսևորվել․ Արսեն Ջուլֆալակյանը պատասխանել է Փաշինյանին
Սեպտեմբեր 20 21:42 2025

Կարծում եմ, շատերն են տեղյակ՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությունն է: Շնորհավորում եմ հնագույն մարզաձևի երկրպագուներին գեղեցիկ սպորտային տոնի կապակցությամբ և Հայաստանին՝ նվաճված մեդալների առիթով:

 

Տեղեկացա, որ ՀՀ-ում իրեն սպառած, բայց դեռևս վարչապետ հանդիսացող պաթոլոգիկ սուտասանը, որը վաղուց պետք է վերացած լիներ հանրային դաշտից, հերթական անգամ զառանցել է: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

«Տուրք չտալով այս ոչնչության առաջացրած զզվանքին` կարճ կասեմ։

 

Երբ հայրս ու ես օլիմպիական ու աշխարհի առաջնություններ էինք հաղթում, սա դեռ կյանքում չէր դրսևորվել, և 2018թ ընտրություններին ինքն ու իր ուսապարկերն էին «հետևիցս ընկած», որ իրենց օգնեմ «փրկել հայրենիքը»:

Երբ 2020թ ապրիլից սեպտեմբեր այդ նույն արարածին փաստերով հիմնավորում էի, թե ինչպես է իր կգմս նախարար հանդիսացող ուսապարկը ուղղակի քանդում սպորտը, կրթությունը և գիտությունը, փոխանակ պատժեր հանցավորին, խնդրում էր, որ աչք փակեմ, հրաժարական չտամ ՝ առաջարկելով փոխարենը դեսպան դառնալ ցանկացած, կրկնում եմ, ցանկացած երկրում, կամ էլ վերցնել ՀԱՕԿ նախագահությունը…

Ժամանակը ցույց է տվել պատասխանս:

Արցախը հանձնողի, հանձնելն առհասարակ քաղաքականություն դարձրածի, իր պատճառով զոհված հազարավոր երիտասարդների շիրիմներին կեղծ չոքողի և հայոց մայրերի անունը տալուց կեղծ լացողի հետ ես ոչ միայն սպորտի, այլ որևէ թեմայով քննարկելիք չունեմ։ Նա պետք է կանգնի դատարանի առաջ:

Իսկ ասելիքս վաղուց ասել եմ, թե մանդատից հրաժարվելուց առաջ, թե հետո:

Հ.Գ. երբ Փարիզի խաղերից հետո ՀԱՕԿ-ից խնդրեցին Լևոն Ջուլֆալակյանին վերադառնալ՝ ղեկավարելու ըմբշամարտի հավաքականը, վերջինս շատ յուրահատուկ պատասխան տվեց . «Եթե ես վերադառնամ, լինելու են բազմաթիվ ոսկե մեդալներ, որոնցից հետո ստիպված եմ լինելու մասնակցել վարչապետի հետ պետական հանդիպումներին։ Իսկ ես դավաճանների ձեռքը չեմ սեղմում»»,- գրել է նա։

Նշենք, որ այսօր Փաշինյանը, խոսելով Ջուլֆալակյանի մասին, ասել էր․ «Վեց ամիս ընկած էին հետևիցս ինքն ու հայրը»։