«Ուզում եմ՝ եկեղեցին ենթարկվի Հիսուս Քրիստոսին»․ Փաշինյանը հայտարարեց՝ սեպտեմբերին կամ հոկտեմբերին կաթողիկոսի դեմ հավաք կլինի


«Ուզում եմ՝ եկեղեցին ենթարկվի Հիսուս Քրիստոսին»․ Փաշինյանը հայտարարեց՝ սեպտեմբերին կամ հոկտեմբերին կաթողիկոսի դեմ հավաք կլինի
Սեպտեմբեր 20 13:52 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Էջմիածնի հրապարակում առաջիկայում կաթողիկոսի դեմ հավաք կկայանա, հնարավոր է՝ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։

«Ինձ համար ընդունելի չեն այն հարցադրումները, որոնք հիմնված են կանխավարկածի վրա, թե մենք ցանկանում ենք որևէ բան անել եկեղեցու դեմ։ Ես ասել եմ, որ Հայ առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, իմ ընտանիքի սրբությունն է, իմ անձնական սրբությունն է, և ես իմ սրբության դեմ չեմ կարող որևէ բան անել։ Այսինքն, այն, ինչ պատրաստվում ենք անել, հանուն եկեղեցու է»,–նշեց նա։

Նա նաև ընդգծեց, որ անհանդուրժելի է, երբ անհավատ անձը, որը ընդհանրապես կապ չունի հոգևոր կյանքի հետ, կարող է հանդես գալ որպես Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ։ «Չի կարող այդպես լինել և մնում է ընդամենը փաստն արձանագրել»,–ասաց Փաշինյանը։

Խոսելով Սահմանադրության՝ եկեղեցուն առնչվող հատվածի հնարավոր փոփոխության մասին, ըստ որի՝ կձևակերպվի, որ եկեղեցին ենթարկվում է պետությանը՝ վարչապետը նշեց․ «Ես ուզում եմ, որ եկեղեցին ենթարկվի մեր Տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսին, որովհետև դա Հիսուս Քրիստոսի եկեղեցին է»։

Ըստ նրա՝ այս քայլերը նպատակ չունեն եկեղեցու դեմ, այլ՝ հանուն եկեղեցու են։ «Սահմանադրության նոր տեքստի այդ հատվածին անդրադառնալու առիթ չեմ ունեցել։ Տեսական կամ քաղաքական քննարկումներ այս պահին չենք ունեցել»,-ասաց նա։