Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարության կայքը:
Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ:
Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին իր բացման խոսքում նշեց, որ բոլոր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը դրական արդյունքներ է տալիս, հատկապես այն բանից հետո, երբ Չինաստանն ու Հայաստանը դարձել են գործընկերներ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։
Այս նախաձեռնության շնորհիվ կողմերի փոխգործակցությունը, հատկապես առևտրատնտեսական ոլորտում, շարունակում է հասնել նոր բարձունքների։ Չինաստանը դարձել է Հայաստանի առանցքային առևտրային գործընկերներից մեկը։ Անցյալ տարի երկու երկրների ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, իսկ այս տարվա առաջին չորս ամիսներին աճը կազմել է 58 տոկոս, ինչը հազվադեպ ցուցանիշ է Չինաստանի գործընկերների շրջանում և խոսում է մեր համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժի մասին։
«Պատրաստ ենք Հայաստանի հետ միասին ամրապնդել մեր բարեկամությունը, խորացնել վստահությունն ու ընդլայնել համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկու երկրների զարգացման»,-իր խոսքը եզրափակեց չինացի դիվանագետը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր բացման խոսքում նշեց, որ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 700 միլիոն ԱՄՆ դոլարով։ Եվ սա դինամիկայի լավ օրինակ է։ Բայց, միևնույն ժամանակ, սա երկու երկրների ամբողջ ներուժը չէ։ Եվ այս այցն ու բանակցությունները լավ հնարավորություն են՝ բացահայտելու նոր հորիզոններ, տեսնելու, թե ինչպես կարող է Հայաստանը ամրապնդել և ընդլայնել տնտեսական կապերը Չինաստանի հետ։