Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ՀԷՑ -ը «ազգայնացնելու»՝ Փաշինյանի ծրագրի ռիսկերն է վեր հանել։
«Այսօր Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվեց ՀԷՑ-ը խլելու օրենսդրական նախագիծը, որը միջազգային ներդրումային իրավունքի (International Investment Law) տեսանկյունից դասական indirect expropriation է (անուղղակի բռնագրավում)։
Այսպես, նախագծի փաթեթով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու միջոցով առաջարկվում է նախատեսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունը՝ նշանակելու «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ, ում անցնելու են «ՀԷՑ»-ը կառավարելու բոլոր լիազորությունները։
Անգամ «ՀԷՑ»-ի բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չի ունենալու միջամտել նշանակված ժամակավոր կառավարչի լիազորություններին։
Նշվածը պարզապես աննախադեպ է կորպորատիվ իրավունքի տեսանկյունից։
Նախագծով նախատեսվող փոփոխություններից ակնհայտ է, որ ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո նախատեսվում է, որ ժամանակավոր կառավիչը հրաժարվելու է «ՀԷՑ»-ին տրված լիցենզիայից, իսկ այնուհետև փորձ է արվելու պետականացնելու «ՀԷՑ»-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին որոշակի «փոխհատուցում» տալու միջոցով։
Ակնհայտ է, որ այս նախագծի ընդունումն ու իմպլեմենտացիան հանգեցնելու է բազմաթիվ իրավական խնդիրների և վնասների Հայաստանի Հանրապետության համար։
Հ. գ. - Հարգելի քաղաքացիներ, եթե դժգոհում եք ՀԷՑ-ի պարբերաբար լուսանջատումներից և բողոքում, որ մինչև չվճարեք, լույսը չեն միացնում, շուտով կարող է վճարելու դեպքում էլ Ձեր լույսը մարած մնա»,- սոցցանցի իր էջում գրել է Մելոյանը