Լիդյա Մանթաշյանը սկզբունքային է, քանզի ընտրել է ոչ թե հեշտությամբ, այլ ճշմարտությամբ տանող ճանապարհ. Մարիա Գալստյան


Լիդյա Մանթաշյանը սկզբունքային է, քանզի ընտրել է ոչ թե հեշտությամբ, այլ ճշմարտությամբ տանող ճանապարհ. Մարիա Գալստյան
Հունիս 26 18:35 2025

«ՏաԼույս» մանկապատանեկան երգչախմբի խմբավար Մարիա Գալստյանն իր զորակցությունն է հայտնել «Սրբազան պայքար» շարժման աջակից, երկու ամսով կալանավորված Լիդյա Մանթաշյանին.

 

«Սիրելինե՛րս, սրբազան պայքարի, Հայրենիքի ազատագրման համար մտահոգ ու աջակցող մարդիկ, զորակցությունս եմ հայտնում շատերիս համար հարազատ դարձած երիտասարդ կնոջը` Լիդյա Մանթաշյանին:

 

Երբ մենք խոսում ենք պայքարի, արդարության, հայրենիքին նվիրվելու մասին, հաճախ առաջինը հիշում ենք ուժը, զենքը, մարտը։ Բայց ես այսօր ուզում եմ անդրադառնալ մի այլ կանացի ուժի, որը չի աղմկում, բայց երբեք չի լռում ու կորչում։

 

Լիդյան հիմա ազատազրկման մեջ է ու իր մեջ կրում է արժանապատվության լռությունը, սրտում պահում է ցավը որպես աղոթք։ Անազատության մեջ, բանտախցում, իր վահանը սերն է, իսկ ճշմարտությունը՝ սուր։

 

Վերջերս կորցրեց հորը և ներանձնային ցավի մեջ երբեք չվախեցավ ու չսասանեց իր հավատամքը, քանի որ իր ներսում ունի հավատ, որը բազմակի զորավոր է, ինչպես մեր տեսիլքներն ու իղձերը, քան մեր ապրած տարիներն ու ժամանակը։

 

Նա քայլում է լույսի մեջ՝ աներկյուղ, հույսի ջահը ձեռքին՝ հանուն նրանց, ովքեր մոլորվել են խավարում։ Նա ոչ միայն պայքարող կին է, այլ խորհուրդ՝ կանգուն սյուն սերնդի համար, որ ապրում է ոգու լույսով, ոչ միայն ներկայությամբ։

 

Նա սկզբունքային է, քանզի ընտրել է ոչ թե հեշտությամբ, այլ ճշմարտությամբ տանող ճանապարհ։ Նա գիտի՝ սրբազան պայքարն անհնար է թերի հավատով, և պատրաստ է իր կյանքը զոհաբերել ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի լուսավոր գաղափարի։

 

Լիդո ջան, կամքդ կոփվել է ցավի ու փորձության բոցերի միջով, սիրտդ բաբախում է հայրենիքի համար՝ ոչ որպես հողի, այլ որպես սրբազան պատառ հոգևոր հանձնառության, արժանապատվության ու ճշմարտության:

 

Ու թերևս ինձ համար կյանքդ երգ չէ, որ պետք է լսվի, այլ աղոթք է, որ շատերիս հիմա ապրեցնում է և անսասան պահում մեր հավատամքի մեջ:

 

Պի´նդ կաց, քեզ հետ ենք»: