Եղբայրս գրկումս մահացավ, հարձակումը տան վրա էր. Մերձավանում զոհվածի եղբայրը մանրամասներ է պատմում


Եղբայրս գրկումս մահացավ, հարձակումը տան վրա էր. Մերձավանում զոհվածի եղբայրը մանրամասներ է պատմում
Փետրվար 10 22:12 2025

Փետրվարի 5-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով սեփական տեղեկություններին, հայտնեց, որ այդ գիշեր հարձակում է եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվեց Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվեց ընտանիքի ընկերը:

Ըստ իրավապահ կառույցների՝ դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 2-ամսյա կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

 

Աղմկահարույց դեպքից օրեր անց էլ իրավապահ կառույցները կատարվածից դեռ պաշտոնական հաղորդագրություններ և մանրամասներ չեն հայտնել, համացանցում տարբեր լուրեր և վարկածներ են շրջանառվում, որոնք կարող են միայն հաստատվել կամ հերքվել գործի նախաքննության ավարտից հետո:

Միջադեպի հետևանքով զոհված Գրիգոր Օհանյանի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նոր մանրամասներ է հայտնել՝ ասելով, որ զինված հարձակմանը նախորդել է կոնֆլիկտ գյուղի տղաների միջև, իսկ տան վրա կատարված զինված հարձակումը նախապես ծրագրված է եղել:

Ըստ զոհվածի եղբոր՝ տնից դուրս գալուց անմիջապես հետո ինքը, եղբայրը՝ Նարեկը, որը զոհվել է միջադեպի ժամանակ, և վերջիններիս ընկերը ներքաշվել են տան դիմաց սկսած վիճաբանության մեջ։

Լուրեր են շրջանառվում նաև, որ Ախտոյանները վիճաբանության ժամանակ տանն են եղել, սակայն դուրս չեն եկել և չեն փորձել հանդարտեցնել իրավիճակը: Նարեկ Օհանյանն ասում է, որ ինքն ու եղբայրը թույլ չեն տվել Մհեր Ախտոյանին դուրս գալ տնից և որպես համայնքի ղեկավար մասնակից դառնալ միջադեպին։

Ըստ նրա՝ Վոլոդյա Գրիգորյանը («Ապրելու երկիր» կուսակցության անդամ, նախկին ՀՀԿ-ական համայնքապետի որդին) ու նրա շրջապատը կապ ունեն քրեական աշխարհի հետ, և առաջին անգամը չէ, որ այսպիսի դեպք է տեղի ունենում համայնքում, սակայն մի տարբերությամբ՝ նախկինում տան վրա հարձակում և զոհ չի եղել:

Նարեկ Օհանյանն ակնկալում է, որ գործի հետ կապված արդար քննություն կլինի, և այն ամբողջապես կբացահայտվի: