Մահացել է դիզայներ, գործարար Աննա Սալոմեի մայրը։ Աննան ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մամաս մահացավ գիշերը… Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 18:00-ին, Վանաձորի Մատուռ հրաժեշտի սրահում»։
Օրեր առաջ «1-ը 1000-ից» հաղորդաշարի տաղավարում Աննան պատմել էր ծնողների մասին. «Ծնողներս խուլ են, և անկեղծորեն պետք է ասեմ, դաստիարակությանս վրա էական ազդեցություն չեն թողել, բայց տվել են ծնողական սերն ու ջերմությունը։ Ես ունեցել եմ հրաշալի տատիկ և շատ հոգատար հորաքույր։ Հորաքույրս իր աղջկա նման ինձ մեծացրել, դաստիարակել է և շատ նրբանկատ է եղել գեղագիտական ճաշակիս ձևավորման հարցերում»։
Նրա խոսքով՝ ընտանիքում, չնայած 90-ականների ֆինանսական դժվարություններին, միշտ հետևել են նորաձևության զարգացումներին։
«Մեր տանը միշտ եղել են նորաձևության բոլոր ամսագրերը, որքան էլ ֆինանսական դժվար շրջան է եղել 90-ականներին։ Մենք միշտ ժամանակակից նորաձևության տենդենցների մասին իմացել ենք ժամանակին և ես ունեցել եմ հնարավորություն հորաքրոջս հետ շատ երկար խոսելու արվեստից ու նորաձևությունից, ուստի անուրանալի է, որ այդ ողջ ներդրումը հորաքրոջինս է։ Նրա հետ կարող ես նստել խոսել գրքերից, ֆիլմերից, արվեստից»,- ասել է նա։
Աննան անդրադարձել է նաև ծնողների վերաբերմունքին իր հաջողությունների նկատմամբ։
«Հայրիկս շատ է ուրախանում, իսկ մայրիկս, թեև սոցցանցերում չկա, հեռուստացույցով տեսնելիս նույնպես հպարտանում է։ Անկեղծ լինենք․ Հայաստանում, ցավոք, խուլ ծնողների երեխաները հազվադեպ են հաջողության հասնում կամ բարձրագույն կրթություն ստանում, քանի որ հնարավորությունները սահմանափակ են։ Ծնողներիս ընկերների համայնքից միայն ես եմ սեփական բիզնեսով զբաղվում, ուստի հայրս մեծ հպարտությամբ է բոլորին պատմում իմ հաջողությունների մասին»,- պատմել է Աննան։










