Շեղում են վերահաս պատերազմից, համընդհանուր հայտարարագրման համակարգը իշխանության կեղծ օրակարգն է


Շեղում են վերահաս պատերազմից, համընդհանուր հայտարարագրման համակարգը իշխանության կեղծ օրակարգն է
Հունվար 21 19:47 2025

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը անդրադարձել է եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը․

«Համընդհանուր հայտարարագրման համակարգը 
ավտորիտար գործիք է։

Այս համակարգը հակասում է ժողովրդավարական հասարակության բոլոր սկզբունքներին։ Ժամանակակից պետության հայեցակարգը պետք է լինի հետևյալը. պետությունն է մարդու համար, ոչ թե մարդը՝ պետության։ Բանկերն են մարդկանց համար և ոչ թե մարդիկ բանկերի համար: Մենք շեղվել ենք այս կարևորագույն ժողովրդավարական գաղափարներից, մենք գործադիր իշխանությանը դարձնում ենք մոնստր, որը մտնում է մարդկանց կյանքի բոլոր բնագավառներ, իսկ այդ դրակոնյան օրենքները կիրառում ընտրողաբար:

Իշխանության գալու առաջին իսկ օրը մենք չեղարկելու ենք մի շարք անհեթեթ օրենքներ և համակարգեր, որոնք ստեղծվել են մեր ժողովրդի կյանքը բարդացնելու, նրանց անձնական կյանք պետության «քիթը խոթելու» և այլ հակաժողովրդավարական նպատակներով։

Առաջիններից մեկը լինելու է համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Եթե մարդիկ իրենց հարկերը վճարում են, իսկ պետությունը մշակում է հավելյալ վերահսկողական մեխանիզմներ հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, որոնց աշխատանքը պետական չէ ու աշխատավարձն էլ հարկերից չի գոյանում, սա այլ կերպ, քան չարդարացված հետաքրքրասիրություն, հնարավոր չէ ընկալել։

Հասարակության մեջ տարածվել են մի քանի կեղծ թեզեր, որոնցով փորձ է արվում հիմնավորել այդ համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ Օրինակ՝ իբր զարգացած երկրներում բոլոր քաղաքացիները պարտադիր կերպով հայտարարագրում են իրենց ֆինանսական մուտքերն ու ելքերը, կամ որ պետությունը պետք է տիրապետի այդ տեղեկություններին, որպեսզի հայտնաբերի սոցիալապես խոցելի խմբերին, կամ այլ՝ ավելի տարօրինակ և կեղծ պատճառաբանություններ։

Ի վերջո, ժողովրդավարական հասարակություններում պետության միջամտությունը մարդկանց կյանքին պետք է նվազագույնի հասցված լինի, իսկ այս դեպքում պետությունը հավաքագրում է մարդու անձնական կյանքին վերաբերող տվյալներ, որպեսզի խոշորացույցի տակ ուսումնասիրի և մշակի դրանք։
Սակայն չկա երաշխիք, որ այդ տեղեկությունները չեն հայտնվի մեր թշնամի երկրների հատուկ ծառայությունների ձեռքում:

Հ.Գ. Ամեն դեպքում, պետք չէ մոռանալ, որ և համընդհանուր հայտարարագրման համակարգը և տրանսպորտի գնի թանկացումը կեղծ օրակարգեր են։ Անհրաժեշտ է պայքարել դրանց դեմ ու բոյկոտել, բայց հստակ գիտակցելով, որ իրական օրակարգը, որից մեզ ամեն կերպ փորձում են շեղել՝ վերահաս պահերազմն է»։