Դո'ւք եք հանձնել Ձեր ընկերներին, Ձեր մեջքի հետևում նստած դաշնակներն են հանձնել. Հովհաննիսյանը՝ Օհանյանին


Դո'ւք եք հանձնել Ձեր ընկերներին, Ձեր մեջքի հետևում նստած դաշնակներն են հանձնել. Հովհաննիսյանը՝ Օհանյանին
Հունվար 21 19:32 2025

Էլի հանձնելու մասին ինչ-որ մեղադրանքների շարք և շքերթ սկսվեց: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Սկսեց պարոն Օհանյանը, այն մասին, որ Հայաստանի իշխանությունները հանձնել են Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Ես ուզում եմ պարոն Օհանյանին ուղիղ ասել, հուսով եմ ինքը ինձ լսում է, որ դուք եք հանձնել այդ մարդկանց, ձեր ընկերներին: Ձեր մեջքի հետևում նստած դաշնակներն են հանձնել: Գնացել են և, ըստ էության, Արցախը հանձնել են իրենց գործողությունների պալատական հեղաշրջման արդյունքում: Ինչքան էլ գաք այստեղ այդ նույն նախադասությունը կրկնեք, այդ իրողությունները չի փոխվի, և եթե դուք ձեր ընկերների համար մտահոգվում եք, պտտվեք և հետ նայեք, խոսեք ձեր ընկերների հետ։

Լեռնային Ղարաբաղի հանձման մասին խոսում է Մամիջանյանը, ում քաղաքական ղեկավարը իր ողջ գործունեության ընթացքում խոսել է 5 + 2, հետո 6 + 2, ինչ-որ խառը տարբերակների վերաբերյալ, իր ողջ գործունեության ընթացքում ամեն բան արել է Լեռնային Ղարաբաղի յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու համար: Դրանց մասին ինքը անգամ հրապարակային է խոսել տարբեր հայտարարություններով, որ Աղդամը մեր հայրենիք չէ: Հետաքրքիր է՝ սրա մասին Մամիջանյանը ինչի ընդհանրապես չի խոսում։

Մյուս պատգամավորը՝ «Պատիվ ունեմի» Տիգրան Աբրահամյանը, ես բացահայտեցի Կիզիլ Հաջիլի երկրորդ բնակչին, մինչև հիմա իմ համար Կիզիլ Հաջիլիի էթնիկ բնակիչը Հայկ Մամիջանյանն էր, երկրորդը Տիգրան Աբրահամյանը, ով էլի շարունակում է պնդել, որ Տավուշից չորս գյուղեր են հանձնվել: Տավուշից չորս գյուղ չի հանձնվել, տեղի է ունեցել սահմանազատման գործընթաց, որի ընթացքում հստակեցվել է Հայաստանի պետական սահմանը և առաջին անգամ սահմանային սյուն է տնկվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև, ինչը պատմական և կարևորագույն իրողություն է մեր նոր անկախ պետության համար»,- ընդգծեց  ՔՊ-ական պատգամավորը:

Նա հայտարարեց, որ , սահմանազատման դեմ պայքարում են այն քաղաքական ուժերը, այն քաղաքական գործիչները, որոնք ամեն ինչ անում են, որ Հայաստանը չունենա հստակ սահմաններ՝ իրենց տերերի շահերը սպասարկելու համար, որ Հայաստանը նրանց համար կրկին դառնա ֆորպոստ՝ մեր միջոցով այլ աշխարհաքաղաքական շահեր սպասարկելու համար»: