Վերջին մեկ ամսում ակտիվ կերպով թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների հանդիպումներ են տեղի ունեցել Բաքվում և Թուրքիայում, ինչին 168.am-ը մանրամասն անդրադարձել է:
Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում ադրբեջանական բանակը որակական առումով այլ մակարդակի հասցնելու համար
Մասնավորապես, դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիա Ջեմալ Քադիօղլուին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը թուրք գեներալին ներկայացրել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը և ընդգծել, որ Հայաստանի վերազինումը բացասաբար է ազդում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա։ Ավելին, Զաքիր Հասանովի և Թուրքիայի բանակի գեներալի հանդիպմանը հատուկ շեշտվել էր աշխարհում վերջին ժամանակներում տեղի ունեցող հակամարտությունների համատեղ վերլուծության և ուսումնասիրության անհրաժեշտությունը, ինչպես նաև պատերազմի վարման ժամանակակից մեթոդների:
Իսկ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարն Ադրբեջանի բանակում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալուց հետո այցելել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի շտաբ և մանրամասն ծանոթացել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կետում կատարվող աշխատանքներին:
Նույն ժամանակահատվածում Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ ընդունել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարին:
Ավելի ուշ Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-մայոր Քյանան Սեիդովը մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ:
168.am-ը գրել էր Քյանան Սեիդովի Թուրքիա այցի արդյունքների մասին. օրինակ, որ 44-օրյայի ադրբեջանական հերոսները Նախիջևանի առանձին համազորային բանակում պաշտոններ են ստացել:
Այս օրերին հանդիպել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները:
Նշենք, որ Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևն է, ով 44-օրյա պատերազմի ժամանակ Հատուկ նշանակության ուժերի հրամանատարն է եղել, ղեկավարել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի և Շուշիի «ազատագրման» օպերացիաները, և այսօր լուրջ դերակատարում ունի Ադրբեջանի բանակում կադրային նշանակումների հարցում:
Հավելենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարների հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական, թուրք գեներալ Բախտիար Էրսայը, ով էլ, ըստ էության, 44-օրյայի ժամանակ ղեկավարել է Ադրբեջանի ԳՇ-ն, իսկ այսօր կարևոր մասնակցություն ունի Ադրբեջանի բանակը թուրքական մոդելի բանակի վերածելու գործում:
Հարկ է նկատել, որ այս հանդիպումների ընթացքում Թուրքիայի բանակի բարձրաստիճան զինվորականները ստուգումներ են իրականացրել, թե ցանկացած ստորաբաժանում և օղակ որքանով է մոտեցել թուրքական մոդելին:
Արդյո՞ք սրան պետք է վերաբերվել որպես բնականոն պրոցես, թե՞ ինչ-որ բան է նախապատրաստվում:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այդ հանդիպումները, փոխայցերն առաջին հերթին բխում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա իրավապայմանագրերից, որոնք ենթադրում են քաղաքական, դիվանագիտական, ռազմական, քարոզչական-տեղեկատվական ուղղություններով գործողությունների ներդաշնակեցում:
«Ինչ վերաբերում է կոնկրետ զինված ուժերին, ապա Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի հետ համատեղ 5-ամյա ԶՈւ զարգացման և արդիականացման պլան է իրագործում, որի շրջանակում նախատեսված է ադրբեջանական զինուժը համապատասխանեցնել թուրքական մոդելին, որը կառուցված է նատօական չափանիշների հիման վրա:
Եվ թուրքական կողմը, նաև հաշվի առնելով իր տարածաշրջանային շահերն ու առաջնահերթությունները, որոնք շատ դեպքերում իրացվում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի պայմաններում, մեծ ջանքեր է գործադրում ադրբեջանական բանակը որակական առումով այլ մակարդակի հասցնելու համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ սա ենթադրում է Ադրբեջանի բանակի անձնակազմի ուսուցման մեծաթիվ ծրագրեր, սպառազինության, ռազմական տեխնիկայի մեծաթիվ ձեռքբերումներ տարբեր ուղղություններով և նատօ-ական չափանիշներին համապատասխան Ադրբեջանի ԶՈՒ կառուցում:
«Այդ 5-ամյա պլանը հաջորդ տարի մոտենում է իր ավարտին, ուստի կողմերն ինտենսիվ աշխատանքներ են տանում, որ ժամկետների մեջ տեղավորվեն:
Ցավալիորեն պետք է արձանագրել, որ Ադրբեջանը շատ ավելի քիչ է խոսում այն ուղղությունների մանրամասների մասին, որոնցով լուրջ աշխատանքներ են տարվում, հատկապես՝ սպառազինության մատակարարումների վերաբերյալ:
Իսկ ի հեճուկս դրան՝ Հայաստանի իշխանությունն ավելի շատ խոսում է իր ցանկությունների, նպատակների և «կենացների» մասին, սակայն արվածն ու հետևում թողածն ավելի քիչ ծավալի է:
Դեռ չեմ խոսում, որ շատ դեպքերում կոնկրետ խնդիրների իրականացման համար միլիարդներ են ծախսվում, որոնք առաջնահերթ մեծ ազդեցություն չունեն ԶՈՒ մարտունակության ապահովման վրա: Այսինքն, շատ ժամանակ ֆիզիկական առումով ցույց է տրվում մեծ բյուջե, որի կատարողականը կամ արդյունավետությունը մեր երկրի զինված ուժերի տարբեր խնդիրների կատարման վրա մեծ ազդեցություն չի ունենում»,- մանրամասնեց ընդդիմադիր պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել Արցախի թեման
Եվ մինչև, ինչպես նշեցինք, ակտիվ կերպով թուրք-ադրբեջանական ռազմական հանդիպումներ են տեղի ունենում և կարևոր ստուգումներ, Նիկոլ Փաշինյանը նույն ժամանակահատվածում որոշում է ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավիրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ամբողջ գործընթացի շուրջ, քանի որ, ըստ Փաշինյանի, «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:
Բոլոր նախագահները, բնականաբար, մերժել են բանավեճի հրավերը:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան Փաշինյանին՝ առաջարկել է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հորդորել էր բանավիճել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, որոնք 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը:
Ինչու Նիկոլ Փաշինյանն այս օրերին որոշեց խոսել բանակցային գործընթացից և «ջրի երես» հանել ողջ ճշմարտությունը, այսպես ասած, ընդ որում, երբ այս ֆոնին 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին առանձնապես չի հիշատակում, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց՝ Փաշինյանն իր այս պոռթկումներով ցույց է տալիս, որ չի կարողանում որևէ ձևով մարսել Արցախի հարցը, որը թեև փակված է համարում, և փորձում է հանրությանն այն նոր մանիպուլյատիվ մեթոդներով ներկայացնել՝ փորձելով մեծացնել ստի և հորինվածքի չափաբաժինը:
«Այսինքն՝ փորձ է կատարվում իրավիճակն իրադարձությունների վերաբերյալ և հանրային ընկալման առումով փոփոխությունների ենթարկել: Ըստ էության, քաղաքական վերնախավը, եթե նույնիսկ չի էլ դրա մասին բարձրաձայնում, ապա, կամ պատերի տակ խոսելով, կամ իր մեջ վերլուծելով, բնականաբար, հասկանում է, որ մի փուլում իշխանություն չի ունենալու, և իրենց արածի ու չարածի վերաբերյալ իրավաքաղաքական գնահատական է հնչելու, ինչը, բնականաբար, ունենալու է ծանր հետևանքներ նրանց համար: Դրա համար էլ Փաշինյանը և նրա թիմը փորձում են ոչ միայն խեղաթյուրել պատմությունը, այլև անգամ այն իրողությունը, ինչը բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել: Դեռ չեմ խոսում, որ իշխող ուժի քաղաքական հայտարարություններն ու գնահատականները ևս փաստացի ապացույց են Արցախի դեմ եղած ամբողջ պրոցեսի, ինչի հետևանքով նաև ՀՀ տարածքները 2021-2022 թվականներին օկուպացվել են Ադրբեջանի կողմից»,- եզրափակեց պատգամավորը: