Կազանի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել, հայտնել է Ռոսավիացիան։ «Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանի աշխատանքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ինքնաթիռների անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Սոչիի օդանավակայանում նույնպես ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։
Համաձայն առցանց ցուցատախտակի՝ ուրբաթ առավոտյան օդանավակայանում հետաձգվել է 15 ներքին չվերթ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Իժևսկ, Նովի Ուրենգոյ, Եկատերինբուրգ, Չելյաբինսկ, Ուֆա և Իրկուտսկ։ Հետաձգվել է նաև 8 միջազգային չվերթ՝ դեպի Բահրեյն, Թբիլիսի, Անթալիա, Երևան, Դուբայ և Ստամբուլ։
Այսօր առավոտյան օդային տարածքի օգտագործման սահմանափակումներ են մտցվել նաև Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայաններում։
Նախօրեին Մոսկվայի բոլոր օդանավակայաններում, ինչպես նաև Կալուգայի օդանավակայանում, ներդրվել էր «Ковер» պլանը։ Սահմանափակումները մտցվել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով։