Երեկ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր երկրի ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)


Երեկ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր երկրի ծննդյան վկայականի` Անկախության հռչակագրի վրա. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Հոկտեմբեր 1 17:13 2024

Նախօրեին Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համատեղ հանձնաժողովների աշխատակարգի վերաբերյալ պարզեց, թե ինչու էր իշխանությունը դեռ 2019 թվականից լայնածավալ արշավ սկսել Սահմանադրական դատարանի և նրա կազմի դեմ, ինչպես մեկ օրվա մեջ, ոտքի վրա, օրենքի փոփոխությամբ փոքրիկ հեղաշրջում արեց ու անցավ ՍԴ կազմի փոփոխությանը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այն ժամանակ էինք ահազանգում, որ իր սրտի Սահմանադրական դատարան ունենալը իշխանության համար հետագա քայլերին դակիչ դառնալու համար են: Երեկ Սահմանադրական դատարանն իր եզրակացությամբ անցավ իր բոլոր լիազորությունները, և ձեռք բարձրացրեց մեր Հանրապետության ծննդյան վկայականի՝ Անկախության Հռչակագրի վրա»,- ընդգծեց պատգամավորը։

Մանուկյանը նշեց, որ Սահմանադրության 168-րդ հոդվածում, ուր թվարկված են ՍԴ լիազորությունները, ուշադիր անգամ կարդալու դեպքում  չեն կարող գտնել Անկախության Հռչակագրի կետերի մեկնաբանությունը։

«Իհարկե, հանուն արդարության պետք է նաև փաստեմ, որ ՍԴ-ն իր որոշմամբ չի չեղարկել Անկախության Հռչակագիրը, ինչպես երեկվանից առանձին անձինք մեկնաբանում են։ Բայց նաև հանուն ճշմարտության նորից արձանագրենք, որ Սահմանադրական դատարանը, կամ անգամ համաժողովրդական հանրաքվեն չեն կարող ձևափոխել, վերախմբագրել Անկախության Հռչակագիրը, ինչը փորձել է կատարել դատարանը,- ասաց նա։

Պատգամավորը որպես օրինակ բերեց նաև Միացյալ նահանգների անկախության հռչակագիրը:

«200 հարյուր տարվա ընթացքում ոչ մեկի, անգամ հիվանդագին երևակայություն ունեցողների մտքով չի անցել, գեթ մեկ տառ փոփոխել այս փաստաթղթում, իսկ մեր երկրում, Հռչակագրի ընդունման 34-րդ տարում Սահմանադրական դատարանը հարձակվել է փաստաթղթի վրա, որը հակասահմանադրական է։ Սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի սահմանադրականության համար դիմումում կառավարությունը Սահմանադրական դատարանից չի էլ ակնկալել ստանալ Անախության Հռչակագրի մեկնաբանությունը։ Այդ դեպքում ինչո՞ւ է որոշման մեջ, տողատակերում տեղ գտել հռչակագրի առանձին կետերի՝ ի մասնավորի Արցախին վերաբերող դրույթի շուրջ եզրակացություն»,- ասաց Գեղամ Մանուկյանը։