Բոլորը դառնում են մտքի գիգանտներ` ինչպես հայտնի մուլտֆիլմում. բոլորը ճառ ասող են, բայց զանգ կախող չկա. Դավիթ Անանյան


Բոլորը դառնում են մտքի գիգանտներ` ինչպես հայտնի մուլտֆիլմում. բոլորը ճառ ասող են, բայց զանգ կախող չկա. Դավիթ Անանյան
Հոկտեմբեր 14 11:13 2025

Մենք, որպես ժողովուրդ, կարծես ծնվել ենք խորհուրդ տալու ու խորհրդով ապրելու համար։ Մեզ թվում է՝ յուրաքանչյուր պահի մենք պիտի «ուղղենք» միմյանց ճանապարհը, պիտի «հուշենք», թե ինչպես է պետք վարվել, ինչպես խոսել, ինչպես քայլել, գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Այնպիսի զգացողություն է, որ մեր ԴՆԹ-ի մեջ սևով գրված է. «Դու միշտ իմաստուն ես, իսկ դիմացինդ՝ անպայման տհաս ու մոլորված»։ Մենք ոչ թե քաղաքացիական հասարակություն ենք, այլ համազգային «խորհրդատուների գիլդիա»։

Հենց որևէ մեկը հնչեցնում է նոր նախաձեռնության մասին, տեղում հայտնվում է հարյուրավոր իմաստունակեպ փորձագետների բանակը. «պետք է միանաս այսինչին», «պետք է չերևաս սրա մարդը», «պետք է հնչես ավելի խրոխտ», «պետք է խոսես ավելի համոզիչ»։ Մի խոսքով՝ բոլորը դառնում են մտքի գիգանտներ` ինչպես հայտնի մուլտֆիլմում. բոլորը ճառ ասող են, բայց զանգ կախող չկա։

Եվ ահա, հայտնվում է մեկը, ով համարձակվում է հայտարարել, որ ինքը պատրաստ է հենց այդ զանգը կախել։ Ոչ թե հերթական ճառասացը լինել, այլ գործ անել։ Որ ինքը ուզում է միավորել ու ներքին խաղաղություն բերել։ Եվ, ինչ է տեղի ունենո՞ւմ. հենց այդ պահից սկսվում է իսկական ազգային մարզաձևը՝ խորհրդատվական մարաթոնը։ Խորհուրդների հեղեղը այնքան խիտ է, որ առաջնային կարևոր գաղափարը խեղդվում է դրանց տակ։

Այստեղ է, որ վառ կերպով արտահայտվում է մեր քաղաքական մշակույթի ամենախոցելի գիծը: Մենք բոլորս ուզում ենք հնչեցնել ճշմարտությունը, բայց ոչ ոք չի ուզում կրել դրա պատասխանատվությունը։ Բոլորս ուզում ենք նստել խորհրդատուի դիրքում, սակայն իրական գործը թողնել ուրիշի ուսերին։ Արդյունքում ստացվում է խորհրդատու ազգ՝ առանց գործի։ Խորհրդի ծով՝ առանց նավավարի։

Այո, մենք հանճարեղ ենք խորհրդի մեջ, բայց աղետալիորեն աղքատ` գործի մեջ։ Դրա համար էլ զանգը շարունակում է մնալ կախված օդում»,-գրել է Անանյանը։