Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից. նրա ուղերձն այսօր «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովին ներկայացրեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
««Մեր ձևով» շարժման ձևավորման առաջին իսկ պահից մենք ձեզ հետ մեկ գլխավոր նպատակ ենք ունեցել, թույլ չտալ, որպեսզի մեր ժողովուրդը կորցնի հույսը ապագայի նկատմամբ, որ լավ ապրուստ փնտրելով, չլքի մեր հայրենիքը՝ թողնելով այն թշնամու ու դրա սպասավորների քմահաճույքին։ Մենք կարողացել ենք հասնել այդ նպատակին, որի համար շնորհավորում եմ բոլորիս»,-իր ուղերձում նշել է Կարապետյանը։
Ըստ նրա՝ ակնհայտ է՝ շարժումը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում։
«Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ, գիտեմ նաև, որ ընդլայնման ու իսկական համաժողովրդական շարժում դառնալու ներուժ ունենք։ Թող որևէ մեկը չկասկածի՝ չե՛նք նահանջելու, կանգ չե՛նք առնելու։ Հայաստանը դարձնելու ենք աշխարհի ամենալավ, ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը... անելու ենք մեր ձևով»,- նշել է Սամվել Կարապետյանը։