Հայ սամբիստ Կոլյա Կարապետյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Այս մասին հայտնում է նախարարության մամուլի քարտուղարությունը:
Նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարությամբ մարզիկի ինքնազգացողության վերաբերյալ նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը պարբերաբար հեռախոսազրույց է ունենում Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյի հետ, ում անձնական միջամտությամբ հայ մարզիկին մոտ 10 օր հետո կատարվելու է թվով 7-րդ վիրահատությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017 թվականի մայիսի 18-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Սամբոյի Եվրոպայի առաջնությունից հետո մարտական սամբոյի 62 կգ քաշային Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը երեկոյան հյուրանոցում կտրուկ վատացել է և բժիշկներն արձանագրել են արյան զեղում՝ գլխի շրջանում:
Դեպքից հետո Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի հետ մարզիկին այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Նա շուրջ մեկ ժամ զրուցել և մանրամասն ծանոթացել է հայ մարզիկի առողջական վիճակին և ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ՝ Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը համապատասխան վիճակի բերելուց հետո նրան Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության մասնագիտացված հոսպիտալ տեղափոխելու, այնտեղ վերականգնողական բուժում իրականացնելու և մարզիկին հայրենիք տեղափոխելու վերաբերյալ:
Նշենք, որ հայ մարզիկն այժմ գտնվում է Մինսկի քաղաքային շտապ օգնության հիվանդանոցում, որի բուժանձնակազմին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն Կարապետյանը դեռևս գտնվում է անգիտակից վիճակում և առայժմ հնարավոր չէ նրան տեղափոխել Երևան:
Կոլյա Կարապետյանի բուժման և նրան հայրենիք տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, բացի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, բելառուսական կողմի հետ համագործակցում են նաև ՀՀ ոստիկանությունը, ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարությունները:
Կոլյա Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ լինելուց անմիջապես հետո հանրությանը կտեղեկացվի այդ մասին:
Սամբիստ Կոլյա Կարապետյանի առողջական վիճակը գտնվում է Սպորտի նախարարության ուշադրության կենտրոնում










