Aysor.am-ի տեղեկություններով՝ 7 օր տևած որոնումներից հետո նոյեմբերի 2-ին Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի եղբայրներից մեկը դեպքի օրը նույնպես վնասվածքներ է ստացել դեմքի հատվածում:
Հիշեցնենք, որ 3-ամյա Տիգրանը դեպքի օրը, մինչև կորելը, եղել է եղբայրներից մեկի հետ, որը վերադարձել է տուն, իսկ Տիգրանը՝ ոչ: Տիգրանի հենց այդ եղբայրն է վնասվածքներով տուն եկել: Մեր տեղեկություններով՝ այրվածքների հետքեր են եղել երեսին:
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Ծափաթաղ վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գզողյանը: Նա ասաց, որ երեխայի դեմքին վերքեր են եղել, այլ տեղեկություններ չուներ: Ըստ Գզողյանի՝ ընտանիքի անդամներն ասել են, որ վերքերը երեխան ընկնելու հետևանքով է ստացել:
Aysor.am-ին հայտնի դարձավ նաև, որ երեխաները ՀՕՖ «երեխաների պաշտպանության կենտրոն» են տեղափոխվել մարմնի վրա ֆիզիկական հետքերով: Այդ է պատճառը եղել, որ հենց Տիգրանի հուղարկավորության օրը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը հրատապ նիստով որոշեց Տիգրանի քրոջն ու եղբայրներին ուղարկել Հայ օգնության ֆոնդի «երեխաների պաշտպանության կենտրոն»:
Քննչական կոմիտեից, ի պատասխան մեր տեղեկությունների, հայտնեցին, որ նախաքննական մանրամասներ են, որոնց վերաբերյալ տեղեկատվություն այս փուլում չեն կարող հայտնել:










